Տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Սլովակիայի դեսպան Մատյուշ Բուսովսկուն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը և երկկողմ տնտեսական հարաբերությունները։
Նախարարության հաղորդմամբ՝ ուշադրությունը կենտրոնացվել է Վրաստանի և Սլովակիայի կառավարությունների միջև Թբիլիսիի մետաքսի ֆորումի շրջանակներում ստորագրված տնտեսական համագործակցության համաձայնագրի իրականացման և տնտեսական հանձնաժողովի ստեղծման վրա։
Հանդիպման ժամանակ նաև քննարկվել են երկկողմ առևտրի, ներդրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, լոգիստիկայի, անշարժ գույքի, քաղաքացիական ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հարցեր։ Նշվել է սլովակյան գործարար համայնքի հետաքրքրությունը վրացական տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում։
Դրական է գնահատվել նաև Վրաստանի և Սլովակիայի միջև ուղիղ չվերթերի մեկնարկը։ Կողմերը նշել են, որ չվերթերի հաճախականության և ուղղությունների ավելացումը կամրապնդի մարդկանց միջև կապերը, կավելացնի զբոսաշրջային հոսքերը և կնպաստի գործարար հարաբերությունների խորացմանը։