Այսօրվանից՝ օգոստոսի 15-ից սկսած, օփիոիդային (թմրանյութերի և դեղամիջոցների խումբ, որոնք ազդում են մարդու նյարդային համակարգի վրա և հիմնականում օգտագործվում են ցավի թեթևացման համար) կախվածությանը փոխարինող բուժման ծրագիրն ամբողջությամբ անցնում է պետության վերահսկողության ներքո։ Համապատասխանաբար, լուծարվում են փոխարինող թերապիայի մասնավոր կենտրոնները, և նշված ծառայությունները բոլոր շահառուներին կտրամադրի պետությունը։
Երեկ կայացած ճեպազրույցում առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն նշեց, որ թերապիայի մասնավոր մատակարարների շահառուների մեծ մասը դիմել է պետական ծառայությանը, և այսօրվանից համապատասխան ծառայությունից անվճար կօգտվի 1512 մարդ։
Նրա տեղեկացմամբ՝ տարբեր պատճառներով մոտ 100 անձի չի տրվել ծառայությունը շարունակելու թույլտվություն։
Միաժամանակ, նախարարի խոսքով, եթե որևէ մեկն ուներ պետական մարմնին դիմելու օբյեկտիվ խոչընդոտող հանգամանքներ, ապա, մինչև օգոստոսի 22-ը դիմելու դեպքում, պարզեցված ընթացակարգով կընդգրկվի ծրագրում։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի կառավարությունն այս տարվա հունիսի 25-ին որոշում է ընդունել մասնավոր սուբյեկտների համար փոխարինող բուժման ծրագիրը արգելելու մասին։ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ հասարակության մեջ կա հիմնավոր ենթադրություն, որ մասնավոր ընկերությունների մատուցած ծառայությունը շատ դեպքերում միտված է ոչ թե հիվանդի բուժմանը, այլ նրան թմրանյութի օրինական մատակարարմանը։