Մասնավոր թերապիայի կենտրոնները կվերացվեն. Սարջվելաձե

Օգոստոսի 15-ից կդադարեցվեն մասնավոր փոխարինող թերապիայի կետերը, հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Միքեիլ Սարջվելաձեն։

Նախարարության  հաղորդագրության համաձայն՝ Սարջվելաձեն խոսել է «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, նախադրողների և նարկոլոգիական օգնության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ և նշել, որ նպատակը թմրամիջոցների վաճառքի և դրանց ոչ նպատակային օգտագործման դեմ արդյունավետ պայքարն է։

«Ավելի վաղ, վնասակար, այսպես կոչված՝ լիբերալ մոտեցումներով, շատ ծրագրեր կորցրել էին իրենց ֆունկցիան։ Դրանք չէին գործում այն նպատակով, որ բուժեն թմրանյութերից կախված անձանց։ Այս առումով շատ բան պետք է փոխվի։ Մենք կփորձենք, որ յուրաքանչյուր բաղադրիչ արդյունք ունենա։ Դա նշանակում է` բուժման փուլն անցնելուց հետո հնարավորինս շատ մարդիկ այլևս կախված չլինեն թմրամիջոցներից։ Դրա համար կօգտագործվեն բոլոր հնարավոր ռեսուրսները», – ասել է Սարջվելաձեն։

Նշենք, որ մասնավոր փոխարինող թերապիայի կետեր ասելով նկատի է առնվում մասնավոր բուժհաստատությունները կամ բժշկական կենտրոնները, որոնք թմրամիջոցներից կախված անձանց տրամադրում են փոխարինող թերապիա։