Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձություններն ամփոփ. արձագանքներ Վրաստանից

Միացյալ Նահանգները և Իսրայելը Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություն են սկսել 2026 թվականի փետրվարի 28-ին: Դրան նախորդել էին ԱՄՆ-ի և Իսլամական Հանրապետության միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անարդյունք բանակցությունները: Վաշինգտոնը պահանջում էր դադարեցնել ծրագիրը, որպեսզի թույլ չտա Թեհրանի նախաձեռնած միջուկային զենքի ստեղծումը, իսկ Իրանը հավաստիացնում էր, որ ծրագիրն ունի միայն խաղաղ նպատակներ:

Իրանն ամերիկա-իսրայելական ռազմական գործողությանը հակադարձեց հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակումներով Իսրայելի և Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա: Տարածաշրջանի երկրներում հարվածների տակ հայտնվեցին նաև քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ օդանավակայաններ և նավթարդյունաբերական ենթակառուցվածքներ:

Վերջին օրերի ամենաքննարկվող և առանցքային թեման Մերձավոր Արևելքում կատարվող վերջին իրադարձություններն են։

Շաբաթ օրը տագնապ էր հայտարարվել նաև Բահրեյնում, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի բազան։ Ավելի ուշ Բահրեյնի իշխանությունները հաստատեցին, որ երկրի տարածքում իրականացվել են հարվածներ, որոնց թիրախը եղել է ԱՄՆ հինգերորդ նավատորմի սպասարկման կենտրոնը։

Հարվածների վտանգի մասին հայտարարել են նաև Կատարի, Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները։ Կատարի կառավարությունը հետո հայտնել է, որ երկրի տարածքում արձակված հրթիռները խոցվել են։ Այս երկրում է գտնվում տարածաշրջանում ամենախոշոր ամերիկյան «Էլ-Ուդեյդ» բազան։

Արաբական Միացյալ Էմիրությունների պետական գործակալությունը հաստատել էր, որ երկրի տարածքին հարվածել են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է, որ իր նպատակն «ամերիկացի ժողովրդի պաշտպանությունն է իրանական ռեժիմից եկող սպառնալիքների վերացման միջոցով»։

«Այս հայտարարությունը հեշտությամբ չեմ անում։ Իրանական ռեժիմը սպանդ է ցանկանում»,- ասել է Թրամփը։

«Հնարավոր է՝ կորցնենք խիզախ ամերիկացի հերոսների կյանքեր, հնարավոր է` ունենանք զոհեր, ինչը հաճախ է պատահում պատերազմի ժամանակ, բայց մենք դա չենք անում ներկայի համար։ Մենք դա անում ենք ապագայի համար, և սա արժանապատիվ առաքելություն է»,- հավելել է Թրամփը։

Իրանական լրատվամիջոցները հայտնել են պայթյունների մասին մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Ղումում, Լորեսթանում։

Reuters լրատվական գործակալությունը գրեց, որ Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի մահը։ Իրանում հայտարարվել է 40-օրյա սուգ։

BBC-ի փոխանցմամբ՝ իրանական լրատվամիջոցները տարածել են Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունը, որը պաշտոնապես հաստատել էր Խամենեիի մահը և մեղադրել էր ԱՄՆ-ին ու Իսրայելին։ Հայտարարության մեջ խոսք չկա Խամենեիի հնարավոր փոխարինողի մասին։ Խամենեիի «նահատակությունը» սկիզբ կդառնա «բռնակալների դեմ պայքարում ապստամբության»,- ասված է հայտարարության մեջ։

Դրանից հետո Reuters-ը, կրկին հղում անելով իրանական պետական մեդիային, գրել է, որ ամերիկա-իսրայելական հարվածների ժամանակ զոհվել են Խամենեիի դուստրը, թոռը, հարսը և փեսան։

Խամենեիի մահվան մասին լուրը շաբաթ օրը տարածվում էր մի քանի ժամ շարունակ, այդ մասին հայտարարել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն Իրանն այդ տեղեկությունը չէր հաստատում։

Այդ ընթացքում մի շարք երկրներ, այդ թվում` Վրաստանը, կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ լքել 14 երկիր։

ԱՄՆ Պետդեպարտամենտն անվտանգության ռիսկերի պատճառով արտակարգ զգուշացում էր հրապարակել։ Վաշինգտոնը հորդորում էր ամերիկացի քաղաքացիներին առևտրային տրանսպորտային միջոցներով շտապ լքել տարածաշրջանի 14 երկիր՝ Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը (ներառյալ Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը), Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եմենը։ Պետքարտուղարի օգնականի խոսքով՝ տարածաշրջանում գտնվելը լուրջ վտանգ է ներկայացնում կյանքի համար։

Մարտի 6-ի դրությամբ՝ Իսրայելի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելն անցնում է Իրանի դեմ գործողության նոր փուլի։ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Զամիրը չի հստակեցրել, թե ինչ է ենթադրում նոր փուլը։ Նա միայն նշել է, որ անսպասելի հարվածների փուլի հետևանքով օդային տարածքում լիակատար առավելության հասնելուց և Իրանի բալիստիկ հրթիռների զինանոցի ոչնչացումից հետո սկսվում է հաջորդ փուլը՝ վարչակարգի և նրա ռազմական ուժերի ոչնչացումը։

Գլխավոր շտաբի պետի այս հայտարարությունից մի քանի ժամ անց՝ մարտի 6-ի առավոտյան, Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկություն տարածեց, որ «լայնամասշտաբ հարվածների ալիք է սկսվել Թեհրանում իրանական ահաբեկչական ռեժիմի ենթակառուցվածքների ուղղությամբ»։ Թեհրանում պայթյունների մասին հայտնում է նաև Իրանի պետական հեռուստատեսությունը։

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ադմիրալ Բրեդ Կուպերի հաղորդած տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում իրանական բալիստիկ հրթիռներով գրոհները նվազել են 90%-ով, իսկ անօդաչու սարքերով՝ 83%-ով։ Կուպերը մարտի 5-ին մամուլի ասուլիս է անցկացրել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ։

Ըստ ադմիրալ Կուպերի՝ վերջին 72 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներն Իրանի խորքում հարվածել են շուրջ 200 թիրախների։ CENTCOM-ի հրամանատարի փոխանցմամբ՝ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է Իրանի 30 նավ։

ԱՄՆ պաշտպանության նախարար (պատերազմի նախարար) Հեգսեթը հայտարարել է, որ վճռական մարտը հիմա է սկսվել, Միացյալ Նահանգներն ունի բավարար մարտական միջոցներ, Իրանին հասցվող հարվածները կհզորանան, և ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

Մարտի 6-ի առավոտյան Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հետ է մղվել «Ալ-Ուդեյդ» ռազմաբազայի վրա անօդաչու սարքերով հարձակումը։ Սա տարածաշրջանում ԱՄՆ-ի խոշորագույն ավիացիոն բազան է։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երեք բալիստիկ հրթիռ է խփվել «Սուլթան» ռազմաբազայի մոտակայքում։ Բահրեյնի իշխանությունները հաստատել են, որ մարտի 5-ին իրանական հրթիռով հարված է հասցվել պետական Bapco Energies ընկերության նավթավերամշակման գործարանին, որտեղ հրդեհ է բռնկվել։ Ըստ կառավարության՝ վիրավորներ չկան, և հրդեհը մարելուց հետո գործարանը վերսկսել է աշխատանքը։

«Կարմիր մահիկ» կազմակերպության իրանական գրասենյակը, որի գործունեությունը վերահսկում են Իսլամական Հանրապետության իշխանությունները, հայտնել է ավելի քան 700 զոհի մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց ի վեր։ Համանման տվյալների է տիրապետում նաև «Իրանում մարդու իրավունքների պաշտպաններ» (HRANA) իրավապաշտպան կազմակերպությունը, որը գործում է ԱՄՆ-ից։

«Կարմիր մահիկ»-ի մարտի 3-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 28-ից սկսած Իրանի ավելի քան 150 շրջաններում զոհվել է 787 մարդ, այդ թվում՝ 176 երեխա։

HRANA-ի տվյալներով՝ մինչև մարտի 2-ը ներառյալ գրանցվել էր 742 մարդու մահ, այդ թվում՝ 176 երեխայի։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը կազմում է 971, որոնցից 115-ը երեխաներ են։

Իրանի իշխանությունների հաղորդմամբ՝ փետրվարի 28-ից ի վեր զոհված անչափահասներից 165-ը Մինաբ քաղաքի դպրոցի աշակերտուհիներ էին։ Թեհրանն այդ դպրոցին հասցված հարվածի համար մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ռազմական գործողության սկսվելուց անմիջապես հետո։ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն հաստատել դպրոցին հարվածելու փաստը։

Մարտի 5-ին Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է օդանավակայանը, և վիրավորվել է 2 մարդ։

Ադրբեջանը պատասխանատվությունը դնում է Իրանի վրա, մինչդեռ Թեհրանը մատնացույց է անում Իսրայելին և հայտարարում, որ ինքը չի հարձակվել։ Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների զրույցից պարզ է դարձել, որ Իրանը նույնպես հետաքննություն է սկսել։

Ադրբեջանը, որը մոբիլիզացիա է հայտարարել և արգելել է Իրանի հետ ցամաքային բոլոր տեսակի հաղորդակցությունները, պահանջում է ներողություն խնդրել։

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և համերաշխություն հայտնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Նախիջևան քաղաքի օդանավակայանի վրա Իրանի տարածքից իրականացված անօդաչուների հարձակման կապակցությամբ։

Կոբախիձեն Ադրբեջանի առաջնորդի հետ զրույցում «մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անօդաչու սարքերով իրականացված հարձակման առնչությամբ», — հայտնել է կառավարության աշխատակազմի մամուլի կենտրոնը։

«Իրակլի Կոբախիձեն համերաշխություն է հայտնել Իլհամ Ալիևին և կատարվածի հետևանքով վիրավորված քաղաքացիներին մաղթել է շուտափույթ ապաքինում», — ասված է հաղորդագրության մեջ։

Այս թեման այսօր դարձել է համաշխարհային քաղաքական և փորձագիտական հանրույթի ամենաառանցքային ու ամենաթեժ քննարկման առարկան, ըստ հասարակության՝ դիտարկվող հետևանքները կարող են լինել գլոբալ՝ նավթի գների թռիչքից մինչև նոր համաշխարհային պատերազմի վտանգ։ 

«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի դիտարկմամբ՝  Իրանի թեման դարձել է բազմաթիվ քննարկումների առարկա ինչպես մեր տիրույթում, այնպես էլ միջազգային ակտիվիստական ու ակադեմիական շրջանակներում, և այս քննարկումները նախևառաջ բացահայտում են այն պոլիկրիզիսները (բազմաճգնաժամերը), որոնց մեջ հայտնվել է աշխարհը.

«90-ականներից հետո ձևավորված քաղաքական մտածողությունը, որը հատկապես մեզ նման «պերիֆերիաներին» տալիս էր աշխարհը սև ու սպիտակ տեսնելու էներգիա և օպտիմիզմ, այլևս ադեկվատ չէ: Ուստի կարևոր է արտաքին քաղաքական հարցերին նայել ավելի համալիր ու բազմաշերտ: Մենք՝ որպես փոքր պետություն, առաջին հերթին պետք է շահագրգռված լինենք, որ գլոբալ կարգը հիմնված լինի համաձայնությունների և արժեքների վրա:

«Կա՛մ-կա՛մ» տրամաբանությունն այս դատողություններում օգտակար չէ։ Չի կարելի սահմանափակվել նրանով, որ կա՛մ պետք է ուրախանալ Իրանում ավտոկրատիայի սասանմամբ և տոնել դա (այն դեպքում, երբ ընդամենը շաբաթներ առաջ այդ ռեժիմը տասնյակ հազարավոր կյանքեր է խլել), կա՛մ Թրամփին համարել բացառապես իմպերիալիստ՝ ռեսուրսների ու շահերի վրա հիմնված դերակատար»,- գրել է նա։

Միքելաձեի խոսքով՝ պատերազմներն ամենից շատ վնասում են սովորական մարդկանց և առաջացնում հսկայական մարդկային, տնտեսական ու էկոլոգիական վնասներ, նաև նոր հետհարվածներ, ուստի հասարակության դատողությունները կարող են և պետք է ներառեն երկու բևեռների հանդեպ դժգոհությունն ու քննադատությունը և պահանջեն ինչ-որ «երրորդ ուղի». այդ թվում` որ նման ճգնաժամերը լուծվեն միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ և ավելի բարձր մակարդակի համաձայնություններով, ինչը կնվազեցնի ռիսկերն ու մարդու իրավունքների զանգվածային խախտումները, և գլոբալ կարգի հիմքում կվերադարձնի սկզբունքներն ու արժեքները:

Քաղաքական վերլուծաբան Իրակլի Մելաշվիլիի կարծիքով՝ այնպիսի տպավորություն է, որ եթե Իրանում հարցը չհասնի ռեժիմի փոփոխության, երկրում իրավիճակը, թերևս, էլ ավելի կծանրանա։ Նրա խոսքով՝ մեկ պետության կողմից մեկ այլ պետությունում ռազմական ուժի կիրառմամբ առաջնորդի սպանությունն ու ռեժիմի փոփոխությունը միշտ լինելու են բանավեճի առարկա, ոչ մի նորմալ մարդ չի կարող հիանալ դրանով. սակայն, ըստ Մելաշվիլիի, միաժամանակ փաստ է, որ որքան էլ քննադատաբար տրամադրված լինենք ԱՄՆ-ից միանձնյա ուժի կիրառման փաստերի նկատմամբ, մարդկությունը դեռ չի ստեղծել այլ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ազգերին փոխել այնպիսի բռնապետական կառավարումը, ինչպիսին Իրանի այաթոլլաների ռեժիմն է, որի ձեռքերին սեփական քաղաքացիների հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մարդկանց արյունն է.

«Այս պայմաններում տեսականորեն ամենաքիչ արյունալի ելքն այն է, եթե հենց ռեժիմի ներսում ձևավորվի մի ուժ, որը թույլ կտա օրինական ընդդիմության գոյությունը, կապահովի ժողովրդավարական բարեփոխումներ և ընտրությունների միջոցով կանցնի կառավարման նոր համակարգի։ Լավագույն տարբերակը կլիներ, եթե հենց այաթոլլաները հայտարարեին աշխարհիկ կառավարմանը չմասնակցելու և իշխանությունը ժողովրդից ընտրված կառավարությանը հանձնելու պատրաստակամության մասին։ Սակայն հարց է ծագում՝ հազարավոր երիտասարդների սպանությունից հետո ինչպե՞ս կընդունի իրանական հասարակությունը այն մարդկանց մասնակցությունը բարեփոխումներին, որոնք մեղսակից են այդ զանգվածային սպանություններին։ 

Երկրում օրինական ընդդիմություն չկա. նրանք հիմնականում տարագրության մեջ են և չունեն միասնական առաջնորդ»,- գրել է քաղաքագետը։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի դիտարկմամբ՝ «Վրացական երազանք»-ի արտաքին քաղաքական դիրքավորումը հավասարակշռման փորձ չէ. ըստ նրա՝ հարաբերությունների փչացումը բոլոր այն հզոր դաշնակիցների հետ, որոնք կարող են օգնել մեզ բարելավել մեր անվտանգությունը և կախվածությունն անկայուն, անադեկվատ, միլիտարիզացված, իմպերիալիստ ու օկուպանտ ուժից՝ հավասարակշռության քաղաքականություն չէ.

«Հաշվի առնելով տարածաշրջանում (լինի Սև ծովի, Կովկասի, թե Արևմտյան Ասիայի) տեղի ունեցող իրադարձությունները՝ առանց դաշնակցի և սեփական պաշտպանական կարողությունների մնալը ոչ թե հավասարակշռություն է, այլ անադեկվատություն։ «Երազանք»-ի արտաքին քաղաքականությունը գլուխն ավազի մեջ թաղած ջայլամի դիրքորոշում է։ Թե մինչև երբ բախտներս կբերի՝ ոչ ոք չգիտի, բայց եթե գլուխը թաղված մնա ավազի մեջ… վտանգը միայն կմեծանա»,- գրել է քաղաքագետը։ 

Ինչպես է արձաքանգել Վրաստանի քաղաքական շրջանակը

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զաիդ Ալ Նահիանի հետ։ Կոբախիձեի խոսքով՝ զրույցի հիմնական թեմաները եղել են տարածաշրջանում վերջին զարգացումները և երկու երկրների միջև գործընկերությունը։

Նա համերաշխություն է հայտնել շեյխին ​​և հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։

«Ես անկեղծ համերաշխություն եմ հայտնել և հույս ունեմ, որ կհաստատվի երկարատև խաղաղություն։ Ես նաև նշել եմ, որ մենք մեծապես գնահատում ենք Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հատուկ բարեկամությունը և ևս մեկ անգամ հաստատել եմ մեր ամուր և զարգացող գործընկերության կարևորությունը», — ասել է Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր աջակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին և մեղադրել Թեհրանին բանակցություններից հրաժարվելու համար:

«Ես երբեք չեմ ուրախացել պատերազմի սկսվելուց, բայց Իրանի կառավարությունը ստել է, թաքցրել, անտեսել է բոլոր բանակցությունները և, ամենակարևորը, սպանել ու տանջել է իր սեփական ժողովրդին: Բռնապետությունները պետք է ավարտվեն: Աջակցություն Իրանի ժողովրդին», — գրել է Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական հարթակում։

X-ում Արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարություն է հրապարակել, ըստ որի` «ուշադրությամբ» և «խոր մտահոգությամբ» հետևում են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։

«Մենք ընդգծում ենք դիվանագիտական ​​ջանքերի կարևորությունը տարածաշրջանում լարվածության թուլացման և կայունության ապահովման համար», — ասված է տեքստում։

Արտգործնախարարությունը խորհուրդ է տվել Մերձավոր Արևելքում գտնվող Վրաստանի քաղաքացիներին «հետևել պաշտոնական հրահանգներին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար» և, անհրաժեշտության դեպքում, օգնություն խնդրել դեսպանատներից։