ԵԱՀԿ 37 մասնակից պետությունները հայտարարություն են տարածել, որում մտահոգություն են հայտնել Վրաստանում վերջին զարգացումների և մարդու իրավունքների վիճակի վատթարացման վերաբերյալ։
Հայտարարությունը ստորագրել են Մեծ Բրիտանիան, Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կանադան, Խորվաթիան, Չեխիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Չեռնոգորիան, Մալթան, Մոլդովան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը և Լիտվան։
ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված հայտարարությայն մեջ ընդգծված է այն մտահոգությունը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի կարողանա դիտարկել հոկտեմբերի 4-ի ընտրությունները։ Նաև հիշատակված են իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատողների նկատմամբ «Վրացական երազանք»-ի իրականացրած ճնշումները։
Հայտարարության մեջ ասված է.
«Մենք ցավում ենք, որ մեր նախորդ հաղորդագրություններում արտահայտած մտահոգությունները չեն քննարկվել, և վրացական իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի կարգավորման համար, ինչը հակասում է Վրաստանի ԵԱՀԿ պարտավորություններին և մարդու իրավունքների, ժողովրդավարական նորմերի և արժեքների պաշտպանությանը: Շարունակվում են նաև քաղաքացիների, քաղաքական ընդդիմության, քաղաքացիական հասարակության և անկախ լրագրողների նկատմամբ ճնշումները: Մենք կրկին կոչ ենք անում վրացական իշխանություններին հետաքննել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ուժի չափազանց կիրառման վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին»։
Նրանք խստորեն դատապարտել են վրացի լրագրող Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ անհամաչափ երկամյա ազատազրկման դատավճիռը և մի քանի ցուցարարների նկատմամբ վերջերս նշանակված ազատազրկման դատավճիռները:
Հայտարարության տակ ստորագրողները կոչ են արել վրացական իշխանություններին վերահաստատել իրենց հանձնառությունը երկխոսությանը և ԵԱՀԿ սկզբունքներին, նաև կոչ են արել սկսել ներառական ազգային երկխոսություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ շարունակվող ճգնաժամի խաղաղ և ժողովրդավարական լուծում գտնելու համար:
«Մենք վճռականորեն աջակցում ենք վրաց ժողովրդին՝ ժողովրդավարական, կայուն և եվրոպական ապագայի նրանց ձգտման գործում, որտեղ կենսունակ քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական բազմակարծության և հաշվետվողականության հիմքն է»,- գրված է հայտարարության մեջ։