Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը X-ում հայտարարություն է տարածել վրաստանյան վերջին իրադարձությությունների վերաբերյալ։
«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց հասարակությանը՝ Թբիլիսիում վերջերս տեղի ունեցած բռնության կապակցությամբ։
Մենք կոչ ենք անում զսպվածության, երկխոսության և հարգալից վերաբերմունքի ժողովրդավարական սկզբունքներին։ Ժողովրդավարությունը չի կարող պարտադրվել ուժով։ Բռնությունը խաթարում է եվրոպական արժեքները, որոնք Վրաստանը փորձում է պաշտպանել», — գրել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը X-ում։
Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում. ցույցի ժամանակ բախումներ տեղի ունեցան, ակցիայի մասնակիցներին ցրեցին՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվեցին ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև հայտնի դարձավ, որ բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։