Մոսկվա-Սոխումի գնացքի ռելսերը պայթեցվել են. ուշացումներ կան

Մոսկվա-Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո մայրաքաղաք Սոխումի գնացքի երթևեկությունը հետաձգվել է ռելսերի պայթյունի պատճառով:

Վորոնեժի մարզի հարավում երկաթուղային գծերի վնասման պատճառով կանգնեցվել է ավելի քան 20 ուղևորատար գնացք. վնասը, ինչպես ավելի ուշ հայտարարեց Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը, առաջացել է պայթյունի հետևանքով։

Հունիսի 5-ի ժամը 12:00-ին Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը իր Telegram ալիքում գրառում է կատարել, որ գնացքներից մեկի մեքենավարը նկատել է գծերի «աննշան» վնաս։ Գուսևի խոսքով, պատճառը կպարզեն օպերատիվ ծառայությունները։ Ըստ նահանգապետի` չնայած գծերն «աննշան» վնասվել են, բայց ոչ ոք չի տուժել։ Ավելի ուշ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտարարել է, որ գծերը պայթեցվել են։

Baza Telegram ալիքը առաջիններից մեկն էր, որ հայտնեց պայթյունի հետևանքով ռելսերի վնասման մասին: Նշվեց նաև ճշգրիտ վայրը՝ Եվդակովո-Սագուն հատվածի 725-րդ կմ-ը: Ըստ հաղորդագրության` գնացքներից մեկի մեքենավարը ժամանակին նկատել է ռելսերի վնասվածքները, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կանխել վագոնների ռելսերից դուրս գալը:

«Աբխազիայի երկաթուղիներ»-ը հայտարարել է, որ Մոսկվայից Սոխումի 304 համարի գնացքը կանգ է առել Վորոնեժի մարզում։

Եվդակովո-Սագուն հատվածը գտնվում է Լիսկի հանգույցի կայարանից հարավ՝ Մոսկվան Ռուսաստանի հարավին կապող գլխավոր գծի վրա։

Վերջին տեղեկությունների համաձայն, երթուղում ավելի քան 20 գնացք ուշանում է, այդ թվում՝ դեպի բռնակցված Ղրիմ և Ղրիմից մեկնողները։

«Վեստի-Վորոնեժ»-ը հրապարակել է լուսանկար, որը, ըստ նրանց՝ երկաթուղու պայթեցված հատվածն է։

Մայիսի 31-ի ուշ երեկոյան Ռուսաստանի Բրյանսկի մարզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել էր երկաթուղային գծի վրայով անցնող ճանապարհային կամուրջը, ինչի հետևանքով Մոսկվա ուղևորվող ուղևորատար գնացքի մի քանի վագոն դուրս էր եկել ռելսերից։ Պաշտոնական տվյալներով, զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։

Հունիսի 1-ին Կուրսկի մարզի երկաթուղային կամրջի վրա տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վիրավորվել են բեռնատար գնացքի մեքենավարը և երկու օգնական։

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կուրսկի և Բրյանսկի մարզերում երկաթուղիներում տեղի ունեցած պայթյունների հետ կապված ահաբեկչական գործողությունների մեղադրանքով։

ՌԴ նախագահ Պուտինը մեղադրել է Ուկրաինային «ահաբեկչական գործողությունների» համար։

Ուկրաինան չի մեկնաբանել Ռուսաստանի երկաթուղիներում տեղի ունեցած պայթյունները։