Վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի իրավունքները հետևողականորեն խախտվում են, և դրա պատճառով իրավաբանները պատրաստվում են բողոք ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ստրասբուրգ, ճեպազրույցում հայտարարել է փաստաբան Մաիա Մծարիաշվիլին:
«Չբավարարվեցին Մզիայի ապօրինի կալանավորմամբ, բռնությամբ, վիրավորանքներով, կեղծ փաստաթղթերով, չարած խախտումների մեղադրանքներով, ապօրինի ազատազրկմամբ և ապօրինի մեղադրանքներով: Սրան գումարվում են պետական բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ մեկնաբանությունները, որոնք բացահայտորեն խախտում են Մզիայի իրավունքները և հաստատում են, որ Մզիա Ամաղլոբելիի գործը կազմակերպվել է իշխանության բոլոր թևերի մասնակցությամբ», — ասել է Մծարիաշվիլին:
Փաստաբանը ճեպազրույց է անցկացրել՝ ի պատասխան «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի։ Ապրիլի 16-ին իշխանամետ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Կոբախիձեն ասել է, որ Մզիա Ամաղլոբելին «զոհ չէ և կատարում էր կոնկրետ հրաման, երբ վիրավորում էր ոստիկանին, նրա խնդիրն էր նսեմացնել ոստիկաններին ու վիրավորել նրանց արժանապատվությունը»։
«Պարոն Կոբախիձեի մեկնաբանությունները ոչ միայն ծառայեցին Մզիա Ամաղլոբելիի իրավունքների ոտնահարմանը, այլև ծառայեցին նրա նկատմամբ հասարակական բացասական տրամադրությունների ստեղծմանը», — ասել է փաստաբանը:
Ամաղլոբելին հունվարի 11-ին, նախ, վարչական կալանքի է ենթարկվել, ապա` ազատ արձակվել, իսկ մի քանի ժամ անց՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է, այս անգամ քրեական օրենսդրությամբ՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների, գործի հանգամանքներին անհամատեղելի է և միայն քաղաքական դրդապատճառ է հետապնդում:
Ազատազրկված լրագրողը ձերբակալությունից հետո 38 օր շարունակ հացադուլի մեջ էր։ Հացադուլի 24-րդ օրը նրան տեղափոխել են կլինիկա և վերադարձրել բանտ միայն հացադուլի ավարտից հետո։