Երեկ` հոկտեմբերի 12-ին, «Forum 2000» միջազգային մրցանակը Արիության և Պատասխանատվության համար շնորհվեց «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին և Վրաստանում Դիմադրության շարժմանը։
Միջազգային մրցանակը ներկայացվել է Պրահայում, «Forum 2000»-ի 29-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ։ Հայտարարության մեջ ասվում է, որ ձերբակալված Ամաղլոբելիի փոխարեն մրցանակը ստացել են բողոքի շարժման ներկայացուցիչները։
Միջոցառմանը, ի թիվս այլոց, ներկա է եղել Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Այս տարի մրցանակը շնորհվեց վրացական Դիմադրության շարժմանը, որը դիմադրում է երկրի հետևողական ընթացքին դեպի ավտոկրատիա, և նրա խորհրդանիշներից մեկին՝ Մզիա Ամաղլոբելիին, հարգված լրագրողին և վրացական անկախ մեդիա հարթակների՝ «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի տնօրենին», – ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ` սեպտեմբերին, «Forum 2000»-ը հայտարարություն էր տարածել, որ հոկտեմբերին Ամաղլոբելիին կշնորհեն միջազգային մրցանակ Արիության և Պատասխանատվության համար։
«2021 թվականին «Forum 2000» հիմնադրամի սահմանած այս մրցանակը շնորհվում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած առանձնահատուկ քաղաքացիական արիության համար», – ասված է հայտարարության մեջ։