Ըմբշամարտիկ, նախկին պատգամավոր Լուկա-Էլդար Կուրտանիձեին, որը հուլիսի վերջին ձերբակալվել էր իր նախկին կնոջ նկատմամբ բռնության և իր նկատմամբ դատարանի կիրառած սահմանափակման խախտման համար, առաջադրվել է նոր մեղադրանք։
Այս տեղեկությունը հայտնել է նրա փաստաբանը՝ Իվանե Մեփարիշվիլին։
Հոկտեմբերի 15-ին Բաթումիի քաղաքային դատարանում, նախաքննական նիստից առաջ, փաստաբանը հայտարարել է, որ քննությունը Կուրտանիձեին մեղադրում է ևս մեկ հոդվածով՝ սեփականության իրավունքի խախտման համար.
«Մեղադրանքներն այժմ չորսն են՝ բռնություն, գույքի վնասում, սահմանափակող հրամանի խախտում և սեփականության իրավունքի խախտում։ Վերջին՝ 160-րդ հոդվածը, ավելացվել է մի քանի օր առաջ», – ասել է Մեփարիշվիլին։
Փաստաբանի խոսքով՝ մեղադրյալի դիրքորոշումն այն է, որ ինքն ամեն ինչ արել է, որ իր երեխաներն ապրեն ապահով և բարեկեցիկ միջավայրում։
Հոկտեմբերի 15-ի նիստի ընթացքում, որտեղ քննարկվում էր նաև Լուկա Կուրտանիձեի խափանման միջոցի փոփոխությունը, Բաթումիի դատարանը որոշել է նրան կալանքի տակ թողնել։ Դատավոր Նինո Սախելաշվիլին հայտարարել է, որ դատարանը տեսնում է նոր հանցագործության կամ կրկնության վտանգ, ուստի պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվել է, և նախկին պատգամավորին ազատ չեն արձակել 50 հազար լարի գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի մրցանակակիր, նախկին պատգամավոր, ըմբշամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ և ՆԳ նախարարության ակադեմիայի նախկին համակարգող Լուկա Կուրտանիձեն հուլիսի վերջին ձերբակալվել է Քոբուլեթիում իր նախկին կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Բռնության տեսանյութերը տարածվել էին սոցիալական ցանցում։