Ներքին գործերի նախարարությունը սահմանափակում է երթերի անցկացման ազատությունը նախաամանորյա և հետամանորյա օրերին՝ դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 9-ը։
Հրապարակված հայտարարությունը պարունակում է հրահանգներ հանրահավաքի վայրի և ձևի վերաբերյալ.
Հանրահավաքի ձևը՝ հանրահավաք (առանց երթի)։
Հանրահավաքի վայրը՝ Թբիլիսի, Շոթա Ռուսթավելիի պողոտա №8, Վրաստանի խորհրդարանի հարակից տարածք։
«Հանրահավաքի մասնակիցները պետք է իրենց բողոքը հայտնեն Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի պողոտա №8 հասցեում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի առջևի ճակատային մասի աստիճանների մոտ ու հարակից տարածքում և չպետք է խոչընդոտեն մայթով շարժվող այլ քաղաքացիների և ճանապարհով շարժվող տրանսպորտային միջոցների տեղաշարժին», — ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, դեկտեմբերի 10-ին խորհրդարանը շտապ կարգով քննարկեց և երրորդ ընթերցմամբ ընդունեց մի օրինագիծ, որը պարտադիր դարձրեց ոստիկանությանը 5 օր առաջ հանրահավաքի անցկացման մասին տեղեկացումը։
Նոր օրենքի համաձայն, եթե հանրահավաքն անցկացվում է հասարակական տրանսպորտի երթուղով, կազմակերպիչը (պատասխանատու անձը) պարտավոր է գրավոր դիմել Ներքին գործերի նախարարության պարեկային վարչություն։