«Փոփոխությունների համար» կոալիցիայի համանախագահ Նիկա Գվարամիան դուրս է եկել Ռուսթավիի N12 քրեակատարողական հիմնարկից: Այսօր լրացել է վիճարկվող խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու համար նշանակված 8-ամսյա ազատազրկման ժամկետը։
Նիկա Գվարամիան ձերբակալվել է 2025 թվականի հունիսի 13-ին, քանի որ չի վճարել 30 հազար լարի գրավը, որը նշանակվել էր որպես խափանման միջոց: Նույն գործով դատավճիռը հրապարակվել է հուլիսի 1-ին։
Ընդդիմադիր քաղաքական գործչի դեմ հարուցվել է ևս մեկ գործ: Նա մեղադրվում է 2024 թվականի ընտրություններից հետո «ընտրակեղծիքների ենթադրյալ պատրվակով փողոցներում ակտիվ գործընթացներ սկսելու» համար: Նրան մեղադրանք է առաջադրվել դիվերսիայի համար և սպառնում է 2-ից 4 տարի ազատազրկում: