Օմբուդսմենը սկսել է Բաչո Ախալաիայի կնոջ դիմումի քննությունը

Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակը սկսել է քննել պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալաիայի կնոջ՝ Անի Նադարեշվիլիի դիմումը, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը:

Օմբուդսմենի գրասենյակի տեղեկացմամբ՝ սպասում են լրացուցիչ փաստաթղթերի, որոնք Նադարեշվիլին պատրաստվում է ներկայացնել։
Անի Նադարեշվիլին հունվարի 5-ին դիմել է Հանրային պաշտպանին՝ իր և իր ընտանիքի նկատմամբ կատարված խախտումները հետաքննելու նպատակով:

Սոցցանցերում նրա հրապարակած գրառման համաձայն՝ իրենց նկատմամբ ձեռնարկված գործողությունները կազմում են Մարդու իրավունքների կոնվենցիայով, Վրաստանի Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով պաշտպանված իրավունքների կոպիտ և համակարգված խախտում։

Օմբուդսմենին ուղղված հայտարարության մեջ Նադարեշվիլին ներկայացրել է մի շարք մարմինների կատարած խախտումների, կիրառած ուժի, նաև՝ Պետական ​​անվտանգության ծառայության գործադրած ճնշման և սպառնալիքների մասին, որպեսզի Բաչո Ախալաիային ստիպեն հարցաքննության ժամանակ ցուցմունք տալ իր և իր ընկերների դեմ։

Անի Նադարեշվիլին նաև խնդրել է որոշել իր իրավական կարգավիճակը և գնահատել լսումները փակ անցկացնելու դատարանի որոշումը։

Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալաիայի դեմ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Դատական ​​նիստն ընթացել է փակ։ Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալ Բաչո Ախալաիան «կազմակերպել և անձամբ ղեկավարել է Պաատա Բուրճուլաձեի, Մուրթազ Զոդելավայի, Իրակլի Նադիրաձեի, Պաատա Մանջգալաձեի, Լաշա Բերիձեի և այլ անձանց հանցավոր գործողությունները՝ օգտագործելով տեխնիկական բջջային կապի միջոցներ»։