Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները կյանքի և առողջության համար վտանգավոր կեղծված արտադրանքի պատրաստման և իրացման փաստով ձերբակալել են «Բատոնո» ՍՊԸ-ի ղեկավարին։ Այս տեղեկությունը ծառայությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է քննչական ծառայության վարչության պետի տեղակալ Գուգա Թավբերիձեն։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 2025 թվականին, պետական տենդերի հիման վրա կնքված պայմանագրի շրջանակներում, 380 հազար 792 լարի արժողությամբ 24 հազար 177,3 կիլոգրամ ձկան պահածո է մատակարարել Սահմանային ոստիկանությանը և «Պետական սննդի ապահովում» ՍՊԸ-ին։ Նշված արտադրանքը նախատեսված էր Վրաստանի ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների աշխատակիցների համար։
«Քննչական գործողությունների արդյունքում, այդ թվում՝ ձեռնարկության խուզարկությամբ, առգրավվել է 17 հազար 241 միավոր կեղծված ձկան պահածո։ Նաև պարզվել է, որ արտադրանքի պատրաստման և հումքի պահպանման պայմանները կրիտիկականորեն չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության պահանջներին։
Առգրավված մթերքի քիմիական և մանրէաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ պահածոն չի բավարարում մանրէաբանական ստանդարտները և պիտանի չէ սպառման համար։
Պարզվել է նաև, որ պահածոյի պարունակությունը՝ ձկան մսի զանգվածային մասով և էներգետիկ արժեքով, չի համապատասխանում պիտակի վրա նշված տվյալներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գործով քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով։