Պապուաշվիլին հանդիպել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը։

«Ես դրական գնահատեցի Վրաստանի և Հայաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը։ Նշեցի, որ աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ, և ի հայտ են գալիս Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարներ», — գրել է Պապուաշվիլին սոցցանցում:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը դրական է գնահատել Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստի ձևաչափը, որը, ըստ նրա, լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային դինամիկան։ Խանդանյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, որը հիմնականում կենտրոնացած է տարածաշրջանային համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների զարգացման վրա։

«Մենք քննարկեցինք Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային խաղաղության հեռանկարները։ Սարգիս Խանդանյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի ջանքերի համար տարածաշրջանային խաղաղությունը խթանելու գործում։ Մասնավորապես, նա ընդգծեց վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշման կարևորությունը, որի համաձայն ադրբեջանական վառելիքի միանվագ երկաթուղային փոխադրումը Վրաստանի տարածքով դեպի Հայաստան կիրականացվի լիովին անվճար։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունները և դրանց հնարավոր արդյունքները։ Մենք նաև անդրադարձանք երկու երկրների ներքին քաղաքականության ներկա զարգացումներին և նախատեսված բարեփոխումներին», — նշել է Պապուաշվիլին: