Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մալայզիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոհարի բին Աբդուլին։
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները։
Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել խորհրդարանական համագործակցությունը, նշվել է նաև առևտրի և տնտեսության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության ներուժը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) շրջանակներում համագործակցության մասին։ Ներկայացուցիչների պալատի նախագահը հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի ASEAN-ի խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որը սեպտեմբերին կկայանա Մալայզիայում։
Հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում ընթացող խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի շրջանակներում։ Խորհրդարանի խոսնակից բացի, միջոցառմանը մասնակցել է նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։