Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել TeleImedi հոլդինգային ընկերությանը պատկանող երեք հեռուստաալիքների («Իմեդի», «Մաեստրո» և «GDS») ժամանակավոր անջատման հետ կապված դիվերսիայի հոդվածով սկսված հետաքննության արդյունքների վերաբերյալ։
Հատուկ ծառայության տվյալներով՝ «Իմեդի» հեռուստաընկերության և հոլդինգային ընկերությանը պատկանող «Մաեստրո» և «GDS» ալիքների անջատման հետաքննությունը պարզել է, որ «հեռուստաընկերության ներքին էլեկտրական սարքերից մեկում տեխնիկական խափանում է եղել, որի պատճառով հեռարձակումը 45 րոպե անջատվել է»։
«Հետաքննության նյութերի համաձայն՝ քրեական փաստը չի հաստատվում», — ասված է հայտարարության մեջ, որի համաձայն՝ «նմանատիպ վերջնական փորձագիտական եզրակացություն ստանալու դեպքում քրեական գործի քննությունը կդադարեցվի»։
Հատուկ ծառայությունը հետաքննությունը սկսել է հոկտեմբերի 13-ին՝ «Իմեդի» հեռուստաընկերության դիմումի հիման վրա։
TeleImedi հոլդինգային ընկերությանը պատկանող հեռուստաալիքների հեռարձակումներն ընդհատվել են առնվազն 45 րոպե։ «Իմեդին» հայտարարել էր, որ «հեռուստաընկերությունը չի բացառում հեռուստաալիքի դեմ քրեական գործողության հնարավորությունը»։