2026 թվականի հունվարի 26-ին, ՄԱԿ-ում Վրաստանի մարդու իրավունքների վիճակի քննարկման նախաշեմին, PEN Վրաստանը, PEN International-ը և PEN Ամերիկան ևս մեկ անգամ իրենց խոր մտահոգությունն են հայտնել հիմնարար իրավունքների և անկախ ձայների, այդ թվում՝ մշակույթի ոլորտի դեմ Վրաստանի իշխանությունների իրականացրած համակարգային հարձակումների կապակցությամբ:
Վերոնշյալ միջազգային կազմակերպությունները կոչ են արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին և դրա անդամ պետություններին մշակել կոնկրետ հանձնարարականներ, որպեսզի Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկվեն մարդու իրավունքների խախտումների համար:
PEN Վրաստանը, PEN International-ը և PEN Ամերիկան պատրաստել են համատեղ զեկույց Վրաստանի վերաբերյալ՝ «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) շրջանակներում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2026 թվականի հունվարի 26-ին նախատեսած քննարկումից առաջ:
Զեկույցում նշված է, որ 2021-2025 թվականներին Վրաստանի իշխանություններն ընդունել են ռեպրեսիվ օրենքներ, որոնք խստորեն սահմանափակել են արտահայտվելու, միավորումների և խաղաղ հավաքների ազատությունը:
Փաստաթղթում նշված է, որ լրագրողները, գրողները, արվեստագետները և ակտիվիստները դարձել են հետապնդումների, կամայական ձերբակալությունների և ֆիզիկական բռնության զոհեր, ինչի համար ոչ ոք չի պատժվել:
Հայտարարության համաձայն՝ անկախ մեդիան և քաղաքացիական հասարակությունը գոյատևման եզրին են, իսկ մշակութային հաստատությունները շարունակում են ենթարկվել կառավարության միջամտությանն ու ահաբեկմանը: