Փոփոխություններ, որոնք սկսեցին գործել այսօրվանից

2025 թվականի հոկտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ են մտել մի քանի նոր կանոնակարգեր։

Ձեզ ենք ներկայացնում այսօրվանից գործող օրենքները.

  • Միայն պետությունը կիրականացնի հոգեմետ դեղամիջոցների մեծածախ վաճառք
    Այսօրվանից՝ հոկտեմբերի 1-ից, միայն պետությունը կիրականացնի հատուկ վերահսկողության ենթակա դեղագործական արտադրանքի, այդ թվում՝ հոգեմետ դեղամիջոցների մեծածախ վաճառք. այս տեղեկությունը տարածել է ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։
    Նախարարության գնահատմամբ՝ փոփոխությունը դրական ազդեցություն կունենա նաև բնակչության վրա, համապատասխանաբար, դեղագործական արտադրանքի մեծածախ բաշխման պայմաններում սա կնպաստի դեղերի գների կայունացմանը։
  • Օրենքը խախտող օտարերկրացիների արտաքսումը պարզեցվում է։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից օրենքը կխստացվի այն օտարերկրացիների համար, որոնք խախտել են Վրաստանում գտնվելու կանոնները։ Երկրից արտաքսումը պարզեցվում է, իսկ տուգանքների չափն ավելանում է։
    Ավելի կոնկրետ, եթե օտարերկրացին խախտի երկրում գտնվելու պայմանները, կսահմանվի 1000-ից 3000 լարի տուգանք, նրանց նաև որոշակի ժամանակահատվածով կարգելվի մուտք գործել Վրաստան։
  • Այսօրվանից պարզեցվելու է Վրաստանի տարածքում տարբեր հանցագործություններ կատարած օտարերկրացիների արտաքսումը։
  • Որոշակի տրանսպորտային միջոցների վարորդական իրավունքի գործնական քննությունը կընթանա 2 փուլով
    Այսօրվանից կցորդով տրանսպորտային միջոցների վարորդական իրավունքի ընդունելության քննությունները կանցկացվեն այլ ձևով: Մասնավորապես, ինչպես նշված է Ծառայությունների գործակալության հրապարակած տեղեկության մեջ, 2025 թվականի հոկտեմբերի 1-ից CE, DE կատեգորիաների և C1E, D1E ենթակատեգորիաների վարորդական իրավունքի ընդունելության քննությունների գործնական մասը կդառնա երկփուլ:
    Համապատասխանաբար, այսօրվանից սկսած, այս կատեգորիայի տրանսպորտային միջոցի վարորդական իրավունքի գործնական քննության առաջին փուլը թեկնածուն կհանձնի փակ տարածքում, իսկ քննության երկրորդ փուլը կանցկացվի իրական երթևեկության պայմաններում՝ համաձայն Վրաստանի ներքին գործերի նախարարի հրամանով հաստատված քննության երթուղիների:
  • Վերին Լարսում գործարկվել է տրանսպորտային միջոցների ամրագրման համակարգ։
    2025 թվականի հոկտեմբերի 1-ից գործարկվել է Ռուսաստանի մաքսային ծառայության Հյուսիսային Կովկասի դեպարտամենտի Վերին Լարսի անցակետում բեռնատարների համար տերմինալ ժամանման օրվա և ժամի ամրագրման համակարգ: Մասնավորապես, բեռնատարների վարորդները կկարողանան օր և ժամ ամրագրել էլեկտրոնային տրանսպորտային փաստաթղթերի պետական ​​տեղեկատվական համակարգի պորտալում:
    Նշենք, Վերին Լարսը Ռուսաստանի և Վրաստանի միջև գործող միակ անցակետն է, որի միջով երկու երկրների միջև, նաև դեպի Թուրքիա և Հայաստան բոլոր տրանսպորտային հոսքերը հաճախ հերթեր են առաջացնում: Իրավիճակը բարդացնում են անբարենպաստ եղանակային պայմանները, ինչի պատճառով երթևեկությունը հաճախ դադարեցվում է` հատկապես ձմռանը։
    Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսից Լարսում գործում է էլեկտրոնային հերթի անալոգ, որը թույլ է տալիս փոխադրողից ստանալ միայն տրանսպորտային միջոցի սերիական համարը և հետևել դրանց կուտակմանն ու դուրսբերմանը, սակայն դա թույլ չի տալիս նախապես ժամ ամրագրել սահմանը հատելու համար։