«Ռուսթավելիի պողոտան պետք է պաշտպանվի»,- այսպես է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել Իրակլի Կոբախիձեի և ՆԳՆ-ի հայտարարությանը։
Զուրաբիշվիլին ասել է, որ «Վրացական երազանք»-ը ցանկանում է ոչնչացնել Ռուսթավելիի բողոքի ցույցերը։
Վրաստանի հինգերորդ նախագահը կոչ է արել մարդկանց էլ ավելի միասնական լինել և դուրս գալ Ռուսթավելիի պողոտա։
«Մենք երկրի պատմության մեջ կմնանք որպես խաղաղ բողոքի ցույցարարներ և այսօր պետք է պաշտպանենք Ռուսթավելիի պողոտան։
Այսօր, ավելի քան երբևէ, մեզ համար կարևոր է գնալ Ռուսթավելի և բոլորս միասին կանգնել Ռուսթավելիում. մենք չենք դիմի որևէ հակասահմանադրական գործողության, մենք խաղաղ բողոքի ցույցարարներ ենք, որը կմնա այս երկրի պատմության մեջ: Ռուսթավելին երաշխիք է, որ այս ռեժիմը, ի վերջո, կհանձնվի, Ռուսթավելին երաշխիք է, որ մենք հավատում ենք միմյանց, երաշխիք է, որ ապագան մերն է, և մենք չենք հանձնվի: Կգա իսկապես արդար խորհրդարանական ընտրությունների օրը, որտեղ մենք կկատարենք մեր ընտրությունը: Այսօր Պաշտպանության օրն է, և ես կոչ եմ անում բոլորիդ այսօր միասին կանգնել և շարունակել խաղաղ բողոքի ակցիան մինչև վերջ», — ասել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք. Իրակլի Կոբախիձեն եվրոպամետ ակցիայի մասնակիցներին անվանել է «ազգային շարժման» խմբակ և ասել, թե անընդունելի է, որ «110 մարդ փակի փողոցը»։ Նրա խոսքով՝ արտաքին ուժերից վերահսկվող «ծայրահեղական խմբերին» չպետք է թույլատրվի փակել Ռուսթավելիի պողոտան։
Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարություն էր տարածել, ըստ որի` այսօր և առաջիկա օրերին անցկացվող ցանկացած հավաք համարում է հոկտեմբերի 4-ի ցույցի շարունակություն (հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց, որի ժամանակ բողոքի ակցիան ընթացավ բախումներով, ձերբակալություններով և ցույցի ցրմամբ) և կձեռնարկի համապատասխան միջոցներ։