Գիգա Բոկերիա, Լևան Ռամիշվիլի, Չիորա Թաքթաքիշվիլի, Գիորգի Կանդելակի, Սիմոն Ջանաշիա. «Վրացական երազանք»-ի նախաձեռնած վիճահարույց խորհրդարանական ժամանակավոր քննչական հանձնաժողովի նախագահ Թեա Ծուլուկիանին թվարկել է մի քանի անձանց, որոնք «պետք է հետաքննվեն», և «մինչև նրանց կանչելը»` կոչ է արել, որ իրենք կամավոր այցելեն հանձնաժողով։
«Իմ թվարկած անուն-ազգանունները կարող են ինքնուրույն գալ մինչ նրանց կանչելը։ Մենք կլսենք նրանց ցանկացած հաջորդ նիստում, եթե իրենցից ոմանք արդեն չեն փախել երկրից: Նրանք չպետք է սպասեն մեր հրավերին կամ կանչին», — հունիսի 4-ին հանձնաժողովի հերթական նիստի ավարտին ասել է Ծուլուկիանին։
Նա նաև հավելել է. «Մենք պետք է ուսումնասիրենք այս անունները և դրանց դերը, քանի որ մեր նպատակն է, որ մարդիկ, ովքեր կեղեքել, ավերել և վնասել են երկիրը, չունենան վերադառնալու հնարավորություն»։
Նրա խոսքով, հանձնաժողովի աշխատանքը կավարտվի հուլիսի 5-ին, իսկ մնացած ժամանակահատվածում նիստերը կանցկացվեն միայն երկուշաբթի և չորեքշաբթի օրերին։
Ծուլուկիանին այս անունները տվել է այն բանից հետո, երբ հանձնաժողովը լսել է այն փաստերը, որ նրանք անվանել են «վրացական համալսարաններում ակադեմիական անձնակազմի իրավունքների խախտման» փաստեր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) կառավարության օրոք։ Ծուլուկիանիի թվարկած անունների թվում են.
- Գիգա Բոկերիան, որը ներկայումս «Ֆեդերալիստներ» կուսակցության առաջնորդներից է, ՄԱՇ կառավարության օրոք Անվտանգության խորհրդի քարտուղարն էր. 2017 թվականից ի վեր նա իր քաղաքական կարիերան շարունակել է «Եվրոպական Վրաստան»-ի շարքերում՝ իր որոշ թիմակիցների հետ միասին:
- Լևան Ռամիշվիլին, որը 1996 թվականից ի վեր Ազատության ինստիտուտի խորհրդի նախագահն է, չնայած քաղաքական պաշտոն չի զբաղեցրել: Ակտիվորեն մասնակցել է 2003 թվականի «Վարդերի հեղափոխություն»-ից առաջ բողոքի ցույցերին, հեղինակել է «Խոսքի և արտահայտման ազատության մասին» և «Հեռարձակման մասին» օրենքները, որոնք ընդունվել են ՄԱՇ-ի օրոք:
- Գիորգի Կանդելակին. նախկին պատգամավոր, ՄԱՇ և «Եվրոպական Վրաստան»-ի նախկին առաջնորդ, դրանից առաջ՝ «Կմարա» դիմադրության շարժման անդամ, ներկայումս զբաղվում է հետազոտություններով և աշխատում է «Խորհրդային անցյալի ուսումնասիրության լաբորատորիայում» (ՍովԼաբ)։
- Չիորա Թաքթաքիշվիլին նույնպես նախկին խորհրդարանական է. 2008-2012 և 2012-2016 թվականների խորհրդարանում՝ ՄԱՇ-ից։ 2020 թվականին նա լքել է կուսակցությունը և տարիներ շարունակ չի մասնակցել քաղաքական կյանքին։
- Սիմոն Ջանաշիան կրթության քաղաքականության փորձագետ է, Իլյա Ճավճավաձեի անվան կրթական բարեփոխումների նախագծի ղեկավար 2004-09 թվականներին, ներկայումս «Ազատության հրապարակ» շարժման առաջնորդներից է (2024 թվականի ընտրություններում «Ուժեղ Վրաստան»-ի կոալիցիոն գործընկեր) և մասնակցում է ընթացող բողոքի ցույցերին։
«Ֆեդերալիստներ»-ի համահիմնադիր Գիգա Բոկերիան փետրվարին հայտարարել էր, որ եթե «Վրացական երազանք»-ը չկանչվի խորհրդարանական հետաքննչական հանձնաժողով, կուսակցության առաջնորդները «կդառնան ծաղրի առարկա» իրենց սեփական կողմնակիցների համար, իսկ եթե նրանց կանչեն, ինքը չի մասնակցի այդ «ծաղրածուական շոուին»։
Հանձնաժողով կանչվելուց հետո քաղաքական գործիչներ Զուրաբ Գիրչի Ջափարիձեն, Նիկա Մելիան և Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել են չներկայանալու համար։ Դատավճիռը դեռևս չի կայացվել, կալանքի պաշտոնական հիմքը գրավի չվճարումն է։ Նրանց սպառնում է մեկ տարվա ազատազրկում։
Նիկա Գվարամիան նույնպես չի պատրաստվում գրավ վճարել նույն գործով։
Քրեական գործեր են հարուցվել նաև այլ քաղաքական գործիչների դեմ՝ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի, նաև Գիորգի Վաշաձեի դեմ՝ հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։ Նրանք վճարել են գրավը։
Նախկին վարչապետ Գիորգի Գախարիան ներկայացել է հանձնաժողովի նիստին։