Թբիլիսի-Բեռլին հարաբերությունները նոր կանցլերի օրոք. ինչ սպասել

Թբիլիսի-Բեռլին հարաբերությունները վերջին շրջանում փակուղի են մտել. Բեռլինից պատժամիջոցներ են կիրառվել, սահմանափակվել է պետական կառույցների ու կրթական ծրագրերի ֆինանսավորումը Վրաստանում: Գերմանիան նոր կանցլեր ունի, Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ն էլ` հույս, թե Վրաստան-Գերմանիա գործընկերությունը կամրապնդվի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի օրոք: Փորձագետները, սակայն, այլ կարծիք ունեն։ Նրանք պնդում են, որ «Վրացական երազանք»-ի հույսերը սին են. Բեռլինից դրական ազդակներ ու փոփոխված քաղաքականություն պետք չէ սպասել:

Մայիսի 6-ին Թբիլիսիից առաջին շնորհավորանքն ուղղվեց կանցլեր Մերցին: «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջիններից մեկն էր, որ Մերցին շնորհավորեց կանցլերի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կոբախիձեն հույս հայտնեց, որ կանցլեր Մերցի ղեկավարությամբ Վրաստան-Գերմանիա գործընկերությունը կամրապնդվի, և կբացահայտվեն համագործակցության նոր հնարավորություններ, որոնք օգուտ կբերեն մեր երկրին։

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ «Վրացական երազանք»-ը զուր հույսեր է փայփայում, թե Բեռլինի նոր կառավարությունը կհամագործակցի իրենց հետ, քանի որ «Վրացական երազանք»-ը հեռու է այն ժողովրդավարական արժեքներից, որի կրողն է նաև Գերմանիան:

Փորձագետի դիտարկմամբ՝ «Վրացական երազանք»-ը չի պատրաստվում փոխել իր հակաարևմտյան հռետորաբանությունը, քանի որ գործում է Ռուսաստանից ստացած հրահանգներով, հետևաբար, ըստ Բիլանիշվիլիի՝ որքան շարունակվի այս մտայնությունը, այդքան պետք է հույս չունենալ, թե որևէ երկիր` լինի Գերմանիան, ԱՄՆ-ը, թե այլ Արևմտյան երկիր, կվերացնի պատժամիջոցները կամ դրական դինամիկա կունենա Վրաստանի հետ:

«Եկեք զուգահեռներ անցկացնենք. մինչև ԱՄՆ-ում նախագահ կդառնար Դոնալդ Թրամփը, «Վրացական երազանք»-ը պնդում էր, թե նոր վարչակազմի օրոք կբարելավվեն Թբիլիսի-Վաշինգտոն հարաբերությունները: Մենք տեսնում ենք, որ այդպես չեղավ. ընդհակառակը՝ ընդունվեց MEGOBARI Act-ը, և «Վրացական երազանք»-ը հիմա էլ պնդում է, թե Թրամփի վարչակազմը պայքարում է իրենց հորինած «գլոբալ պատերազմի կուսակցության» կամ Deep State-ի դեմ: Նույնը կլինի նաև Գերմանիայի դեպքում: «Վրացական երազանք»-ը շատ լավ հասկանում է, որ փչացրել է հարաբերությունները երկրի երբեմնի բոլոր բարեկամական պետությունների հետ», — ասաց Բիլանիշվիլին:

«Վրացական երազանք»-ն` ի դեմս Կոբախիձեի, բազմիցս շրջանցել է դիվանագիտական բառապաշարն ու հաճախ վիրավորական և վարկաբեկող հայտարարություններ արել Արևմտյան երկրների կամ դրանց պաշտոնյաների նկատմամբ: Նման մի դեպք էլ 2024 թվականի նոյեմբերին էր, երբ Կոբախիձեն Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին «այսպես կոչված՝ դեսպան» անվանեց:

«Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոն»-ի ավագ գիտաշխատող Գիգի Գիգիաձեի խոսքով, Գերմանիայի նոր իշխող կոալիցիայի համար չկա որևէ նախադրյալ, որ նույնիսկ չնչին լեգիտիմություն շնորհի «Վրացական երազանք»-ի ոչ լեգիտիմ կառավարությանը:

Ըստ նրա՝ «Վրացական երազանք»-ն աչքի է ընկնում հակաեվրոպական, հակաարևմտյան, հակագերմանական հայտարարություններով.

«Դեսպան Ֆիշերի վրա հարձակումը նշանակում է հարձակում նրա պետության վրա, և կարևոր չէ՝ փոխվել է նրա երկրի կառավարությունը, թե` ոչ»։

Վրաստան — Գերմանիա ներկայիս հարաբերությունները

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը 2024 թվականի նոյեմբերի 27-ին հայտարարել էր, որ գերմանա-վրացական հարաբերությունները փակուղու մեջ են։ Նրա խոսքով, ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելը «սիրո և հոգատարության նշան է»։ Նա նաև նշել էր, որ Եվրամիությունից դուրս գալը բացասաբար կանդրադառնա ազգային արժույթի վրա, նաև կհանգեցնի երիտասարդների արտագաղթի։

«Կարծում եմ՝ Գերմանիայի դեսպանի հետկանչը մեծ պատիվ կլինի։ Հետևաբար, չեմ կարծում, որ մենք պետք է նման որոշում կայացնենք։ Իրականում Գերմանիան այսօր Վրաստանում դեսպան չունի, սա այսօր Վրաստանում, այսպես կոչված՝ դեսպանին հարիր ամենահարմար կարգավիճակն է», — այսպես է նոյեմբերի 28-ին Ֆիշերին հակադարձել Կոբախիձեն։

Գերմանիայի դաշնային կառավարությունը մարտի 24-ին լրացուցիչ պատժամիջոցներ կիրառեց Վրաստանի պաշտոնյաների նկատմամբ՝ նշելով. «Գրեթե երեք ամիս Վրաստանի ժողովուրդը ցույցեր է անցկացնում ի պաշտպանություն Եվրոպական Միությունում իր ապագայի, Վրաստանի կառավարիչների որդեգրած ուղու դեմ: Նրանց կրկին պատասխանում են սպառնալիքներով, ձերբակալություններով և բռնությամբ»:

Ավելի վաղ՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Վրաստանի ինը քաղաքացիների, որոնք «պատասխանատու են Վրաստանում ցուցարարների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ բռնության համար», արգելվել է մուտք գործել երկիր։ Նրանց ինքնությունը չի բացահայտվել։ Այդ ժամանակ պարզ դարձավ նաև, որ Գերմանիան դադարեցրել է 237 միլիոն եվրոյի պետական ​​նախագծերը Վրաստանում:

Ավելի ուշ՝ 2025 թվականի փետրվարի 25-ին, Գերմանիայի կրթության նախարարությունը հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի կրթության նախարարության հետ։

Գերմանիան, Վրաստանը և «Վրացական երազանք»-ը

2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Ուկրաինա` Եվրոպական Միությունում, այդ թվում՝ Գերմանիայում, որը ավանդաբար թերահավատորեն էր վերաբերվում այս հարցին, կոնսենսուս առաջացավ դաշինքը ընդլայնելու, այդ թվում՝ Վրաստանին ներառելու վերաբերյալ։

Միաժամանակ, «Վրացական երազանք»-ի կառավարությունը, Եվրամիության հետ համատեղ, հակադրվեց Գերմանիայի կառավարությանը, որը քննադատում է Վրաստանի ժողովրդավարական հետընթացը:

Նաև կապեր են ի հայտ գալիս «Վրացական երազանք»-ի կառավարության ներկայացուցիչների և Գերմանիայում ընդդիմադիր, ծայրահեղ աջակողմյան AfD («Այլընտրանք Գերմանիայի համար») կուսակցության միջև։

  • Վերջին ամիսներին Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ տեղի ունեցած քննարկումներում «Վրացական երազանք»-ին աջակցել է «Սուվերեն ազգերի Եվրոպա» կոչվող քաղաքական խումբը, որն ունի 25 անդամ 720 անդամից բաղկացած Եվրոպական խորհրդարանում։ Նրանց մեծ մասը՝ 14 անդամ, գերմանական ծայրահեղ աջ կուսակցության՝ AfD-ի անդամներ են։
  • Հոկտեմբերին Եվրախորհրդարանում նախաձեռնվեց AfD անդամ Հանս Նոյհոֆի համահեղինակած բանաձևը, որը դատապարտում էր Բրյուսելի «միջամտությունը» Վրաստանի «ներքին գործերին». բանաձևը ձախողվեց։
  • 2025 թվականի մայիսի 5-ին Գերմանիայում AfD-ն ծայրահեղական կուսակցություն հռչակվելուց հետո «Վրացական երազանք»-ի անդամ Լևան Մաճավարիանին հայտարարել էր. «Սա (AfD-ն) իսկապես հայրենասիրական ուժ է, և հենց սա էլ դուր չի գալիս Deep State-ին, այսինքն՝ «գլոբալ պատերազմի կուսակցությանը», քանի որ նման հայրենասիրական ուժերը չեն ենթարկվում Deep State-ին և գործում են իրենց երկրի ազգային շահերից ելնելով, ինչպես «Վրացական երազանք»-ը»։

1991 թվականին ստեղծված «Վայմարի եռանկյունին», որի մաս են Լեհաստանը, Գերմանիան ու Ֆրանսիան, տարբեր ժամանակներում խստորեն քննադատել է «Վրացական երազանք»-ի կառավարության քաղաքականությունը, այդ թվում՝ ցուցարարների նկատմամբ բռնությունը, քաղաքական բևեռացումը, եվրաինտեգրման կասեցումը և 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների որակը։

Մերցը, ԵՄ ընդլայնումն ու Վրաստանը

Մերցը ԵՄ ընդլայնման կողմնակից է. տարբեր հարցազրույցներում նա նշել է, որ միության դեպի արևելք ընդլայնումը մեծ օգուտներ է բերել երկու կողմերին էլ, և այս միտումը պետք է պահպանվի։

Խոսելով ընդլայնման հեռանկարների մասին` Մերցը որպես ապագա անդամներ նշել էր Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Արևմտյան Բալկանների երկրները։ Սակայն, Մերցի կուսակցության ղեկավարությամբ ձևավորված կոալիցիոն համաձայնագրում Վրաստանի նկատմամբ մոտեցումը փոխվել է։

«Վրաստանի անդամակցության գործընթացի շարունակությունը կարող է վերանայվել միայն ժողովրդավարական գործընթացների պաշտպանության վերաբերյալ կասկածների վերացումից հետո։ Մենք աջակցում ենք եվրոպամետ ուժերին», — ասված է տեքստում՝ կրկին ընդգծելով ԵՄ թեկնածու երկրների համար նախատեսված հնարավորությունները։

Մերցի ընտրությունը

Գերմանիայի Բունդեսթագը մայիսի 6-ին նոր կանցլեր ընտրեց պահպանողական կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին։ Նրան աջակցեցին 325 խորհրդարանականներ։ 289-ը դեմ էին, մեկը՝ ձեռնպահ։ Սա կանցլեր ընտրելու համար երեքշաբթի օրը անցկացված երկրորդ քվեարկությունն էր։ Նախկինում Մերցը աննախադեպ պարտություն կրեց խորհրդարանում և չկարողացավ հաղթել առաջին փուլում։ Սա հետպատերազմյան Գերմանիայում առաջին դեպքն էր, երբ կանցլերի թեկնածուն չկարողացավ հաղթել առաջին փուլում։

Եվրոպայի ամենամեծ տնտեսություն ունեցող ու շարժիչ ուժ հանդիսացող Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարությունը կազմված է Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (CDU) և ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (SPD): Նրանց հուշագրով վերջ դրվեց երկրի քաղաքական դաշտում շուրջ կես տարի շարունակվող անորոշությանը։