Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում կալանավորված ակտիվիստ Թորնիկե Թոշխուան, որը ձերբակալությունից ի վեր հացադուլ էր անում, դադարեցրել է հացադուլը։
TV Pirveli-ն հրապարակել է Թորնիկե Թոշխուայի նամակը բանտից։
«Հացադուլի սկզբնական խթանն իմ անարդար ձերբակալությունն էր, բայց այս ճանապարհին ինձ համար հիմնական դրդապատճառը զայրույթն էր, որ կեղծվել են ընտրությունները, դավաճանություն է կատարվել Սահմանադրության 78-րդ հոդվածի դեմ, անողոքաբար հալածել են մեզ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, անարդարացիորեն ձերբակալել ազատամարտիկներին…
Հոգեբանորեն ես ինձ հազար անգամ ավելի ուժեղ եմ զգում, քան այստեղ գալուց առաջ, բայց այսօր իմ հացադուլի 21-րդ օրն է, իմ ֆիզիկական հնարավորություններն արդեն մոտենում են այն սահմանին, որից այն կողմ այլևս ուժ չեմ ունենա ինքնուրույն շարժվելու, և ես մտադիր չեմ այս պայքարը շարունակել պառկած։
Շատ շնորհակալ եմ ձեր աջակցության և խրախուսանքի համար։ Մի՛ հանձնվեք», — գրել է Թորնիկե Թոշխուան։
Հիշեցնենք, 37-ամյա նախկին պետական ծառայող Թորնիկե Թոշխուան ձերբակալվել է 2025 թվականի օգոստոսի 16-ին։ 21 օր նա միայն ջուր է խմել։
Թորնիկե Թոշխուան և մեկ այլ ցուցարար՝ Մինդիա Շերվաշիձեն, մեղադրվում են նախկին ֆուտբոլիստ և «Վրացական երազանք»-ի ակտիվ կողմնակից Բեքա Գոցիրիձեին ծեծելու համար։