Թրամփ-Պուտին հանդիպման արձագանքները Վրաստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ալյասկայում հանդիպել են։ Առաջնորդների եռակողմ ձևաչափով հանդիպումը կայացել է գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ կարող են որոշվել Ռուսաստանի պատերազմի ընթացքն Ուկրաինայում և եվրոպական անվտանգության ճակատագիրը։

Թրամփը նշել է, որ գագաթնաժողովում «մեծ առաջընթաց» է գրանցվել, սակայն միաժամանակ ասել է, որ որևէ կոնկրետ համաձայնության չեն հասել։ Հանդիպման հիմնական թեմաները վերաբերել են գլոբալ անվտանգությանը, Ուկրաինայի պատերազմին, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններին. քննարկվել են նաև ՆԱՏՕ-ի դերը Եվրոպայում և էներգետիկ կայունության խնդիրները:

Վրաստանում վերոնշյալ հարցը ակտիվ քննարկման թեմա է: «Վրացական երազանք»-ի առաջնորդները նշել են, որ Թրամփ-Պուտին հանդիպումը հաստատում է պատերազմից խուսափելու տեսությունը։

Վրաստանյան փորձագետների կարծիքով՝ Թրամփի և Պուտինի հանդիպումն այս պահին Վրաստանի վրա լուրջ ազդեցություն  չի ունենա, քանի որ Վրաստանի հարցը կողմերի օրակարգում առաջնային չէ. սակայն մասնագետները շեշտում են, որ այս բանակցությունները կարող են փոխել իրավիճակը Կովկասում` հատկապես Ռուսաստանի դերակատարության և Արևմուտքի ազդեցության համատեքստում:

Ըստ վերլուծաբանների՝ Վրաստանի համար առաջնահերթ է մնալ տարածաշրջանային կայունության պահպանման կողմնակից և չթուլացնել սեփական դիրքերը միջազգային ասպարեզում։ Չնայած սրան, նաև կարծիք կա, որ Վրաստանում առկա է քաղաքական մթնոլորտ, որտեղ իշխանության մի մասը ցուցաբերում է վերաբերմունք, որը կարող է ընկալվել որպես բարեհաճություն Ռուսաստանի հանդեպ և բացասական վերաբերմունք Ուկրաինայի նկատմամբ:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց, որ այս հանդիպման ամենակարևոր քայլը կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ որևէ համաձայնության գալը, քանի որ այս փուլում դեռևս որևէ շոշափելի արդյունք չկա:

«Իհարկե, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն էական ազդեցություն ունի ոչ միայն մեր տարածաշրջանի, այդ թվում՝ Վրաստանի վրա, այլև ընդհանուր առմամբ՝ եվրոպական իրադարձությունների վրա։ Ինչ վերաբերում է Վրաստանին, Բիձինա Իվանիշվիլին, անկասկած, որոշակի ակնկալիքներ ունի այս հանդիպումից, սակայն ներկայումս Վրաստանի համար որևէ կոնկրետ արդյունք դեռ տեսանելի չէ։ Ավելի ակնհայտ է ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությունը Հայաստանին և Ադրբեջանին առնչվող հարցերում։ Վրաստանի պարագայում իրավիճակը մնում է անորոշ, թեև Միացյալ Նահանգները շարունակում է պահել իր հետաքրքրությունն այս տարածաշրջանի նկատմամբ»,- ընդգծեց Թումասյանը:

Փորձագետ Իրակլի Մելաշվիլիի կարծիքով՝ սխալ որոշում կայացնելու դեպքում քաղաքական պատասխանատվությունը երկար սպասեցնել չի տա. Մելաշվիլին ընդգծել է, որ Պուտինը Թրամփից պահանջում է բաներ, որոնք չեն համընկնում ԱՄՆ ազգային շահերին.

«Ռուսաստանում դեռևս լավ չեն հասկանում, որ ԱՄՆ-ում, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, նույնիսկ ամենաէքսցենտրիկ նախագահը, այդ թվում` Թրամփը, չի կարող միանձնյա որոշումներ ընդունել առանց հասարակական կարծիքի և էլիտաների դիրքորոշումը հաշվի առնելու։ Սխալ որոշում կայացնելու դեպքում քաղաքական պատասխանատվությունը երկար սպասեցնել չի տա»:

Մեկ այլ վրացի քաղաքագետ, Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար Գիորգի Մելաշվիլին գրել է. «Պուտինը չի ցանկանում այս հանդիպումը։ Ինձ թվում է, որ նա նույնիսկ խուսափում է Զելենսկու հետ առերես հանդիպումից, եթե մի կողմ դնենք քարոզչական նկատառումները»: Մելաշվիլիի խոսքով՝ Պուտինը հավատում է, որ կկարողանա մանիպուլացնել Թրամփին՝ դանդաղեցնելու Ուկրաինային տրամադրվող իրական աջակցությունը:

«Իսկ ահա խաղաղությունը… դեռ չի երևում»,- հավելել է Մելաշվիլին:

Այսպիսով, ըստ վրաստանյան փորձագետների, Թրամփ-Պուտին հանդիպումը, ըստ երևույթին, ոչինչ չի որոշել. և այս համատեքստում Վրաստանի առնչությամբ վերլուծաբանների մի մասը կարծում է, որ Բիձինա Իվանիշվիլիի միակ հույսն իշխանությունը պահպանելու առումով կապված է Պուտինի հետ։ «Վրաստանի պատմության մեջ երբեք թշնամուն բացահայտորեն աջակցող իշխանության ղեկավարներ չեն եղել», — ընդգծում են նրանք: