ՏԻՄ ընտրությունները կընթանան առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության դիտարկման

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն առաքելություն չի ուղարկի ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար։ Կազմակերպության պատասխանի մեջ նշված է, որ իրենք Թբիլիսիից հրավեր են ստացել այն ժամանակ, երբ ընտրություններին մնացել է մեկ ամսից էլ պակաս։ Սա, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, բավարար ժամանակ չէ հավաստի և իմաստալից դիտարկման համար։

«Ընտրությունների թափանցիկ և հավաստի դիտարկումը պահանջում է մանրակրկիտ նախապատրաստություն և ընտրական գործընթացի հիմնական փուլերին հասանելիություն՝ մեր համապարփակ մեթոդաբանությանը համապատասխան», — ասել է ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մարիա Տելալիանը։

«Ցավոք, Վրաստանի իշխանությունների որոշումը հրավերն ուղարկելու այդքան ուշ փուլում` խոչընդոտում է արդյունավետ դիտարկմանը։ ԺՀՄԻԳ-ը չի կարողանա իրականացնել ընտրությունների դիտորդական առաքելություն։ Այնուամենայնիվ, մենք անհամբեր սպասում ենք վրացական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության հետ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ամրապնդման նպատակով մեր երկարաժամկետ համագործակցության շարունակմանը»,- գրել է կազմակերպությունը։

Նույն հայտարարության համաձայն, Վրաստանի իշխանությունների հետ շփումներում ԺՀՄԻԳ-ը բազմիցս ընդգծել է ընտրությունները դիտարկելու ժամանակին հրավերի կարևորությունը՝ հավաստի և համապարփակ դիտարկում ապահովելու համար։ Անցյալում ԺՀՄԻԳ-ը ժամանակին է հրավերներ ստացել Վրաստանից՝ դիտարկելու 2006, 2010, 2014, 2017 և 2021 թվականների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

«Որպես ԵԱՀԿ մասնակից պետություն՝ Վրաստանը պարտավորվել է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ միջազգային չափանիշներին համապատասխան։ Չնայած ԺՀՄԻԳ-ը չի մեկնաբանում այն ​​ընտրությունները, որոնք չի դիտարկում, գրասենյակը կշարունակի հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին իր մանդատի շրջանակներում ընդգրկված բոլոր ոլորտներում, ներառյալ ժողովրդավարական կառավարումը, հիմնարար ազատությունները և օրենքի գերակայությունը», — նշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։