Վենեսուելայում կատարվող վերջին իրադարձություններն ամփոփ. արձագանք Վրաստանից

Վենեսուելայում կատարվող վերջին իրադարձությունները, ի թիվս այլ երկրների, Վրաստանում ևս մեծ արձագանքի է արժանացել։ Հասարակական, փորձագիտական և քաղաքական լայն շրջանակներն ակտիվ քննարկում են, և կարծիքները միանշանակ չեն։ 

Մասնավորապես, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, Վենեսուելայում իրականացված ամերիկյան ռազմական գործողության ժամանակ ձերբակալվել և տեղափոխվել են Նյու Յորքի բանտ։ Մադուրոյին դաշնային գործակալները տեղափոխել են Նյու Յորք՝ ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) շենք՝ գրանցման ընթացակարգերն անցնելու համար։ Դրանից հետո նրան տեղափոխել են Բրուքլինում գտնվող խիստ անվտանգությամբ կալանավայր։

CNN-ի փոխանցմամբ՝ նրանք տեղավորվել են Բրուքլինի նախնական կալանքի կենտրոնում։ Նրանց թմրամիջոցների և զենքի հետ կապված մեղադրանքներ են ներկայացվել Մանհեթենի դաշնային դատարանում։

Աոցիալական ցանցում Fox News-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են դաշնային գործակալներն ուղեկցում 63-ամյա Մադուրոյին, և թե ինչպես է նա լրագրողներին ասում. «Բարի գիշեր, շնորհավոր Ամանոր»։

Մադուրոյի ձերբակալությունից հետո կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վենեսուելայում իրականացված ռազմական գործողության մասին և հայտարարել, որ ԱՄՆ-ը կղեկավարի Վենեսուելան այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր չի լինի իշխանության «անվտանգ, կանոնավոր և ողջամիտ» փոխանցումը։

Այս դեպքին հաջորդել են բուռն արձագանքներ մի շարք երկրներից, այդ թվում` Վրաստանի քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակներից։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը X հարթակում արձագանքել է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին և գրել, որ Վրաստանն ուշադրությամբ հետևում է Վենեսուելայում կատարվող դեպքերին՝ հույս հայտնելով, որ «հետագա գործընթացները կզարգանան Վենեսուելայի ժողովրդի լավագույն շահերին համապատասխան»։

«Հաշվի առնելով, որ Վենեսուելայի իշխանությունները ճանաչել են Վրաստանի օկուպացված տարածքները՝ Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, հույս ենք հայտնում, որ վերջին իրադարձությունները կհանգեցնեն այդ ապօրինի որոշման չեղարկմանը՝ Վրաստանի ազգային շահերին և միջազգային իրավական սկզբունքներին համապատասխան», — կարդում ենք ԱԳ նախարարության արձագանքում։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս  արձագանքել է վերոնշյալին։ Ֆեյսբուքյան իր էջում նա Մադուրոյին հիշատակել է այլ բռնապետերի շարքում և գրել, որ ոչինչ հավերժ չէ.

«Ներոն, Կալիգուլա, Դոմիցիանոս, Լենկթեմուր, Ստալին, Հիտլեր, Մուսոլինի, Չաուշեսկու, Պոլ Պոտ, Քադաֆի, Սադամ Հուսեյն, Բաշար ալ-Ասադ, Մադուրո… ոչինչ հավերժ չէ, և որքան էլ հզոր լինի բռնապետը, և անգութ` նրա իշխանությունը, վերջն անխուսափելի է։ Իսկ նրանց վերջը գրեթե միշտ ամենածանրն է», — գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում հրապարակված գրառմամբ ևս արձագանքել է Վենեսուելայում զարգացող գործընթացներին։

Շալվա Պապուաշվիլին իր գրառման մեջ ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունների գլխավոր նպատակներն են տարածքային ամբողջականության վերականգնումը և բնակչության բարօրությունը, իսկ այս հարցերում «պատրանքների և զգացմունքների տեղ չկա»։

«Պետությունը և իշխանությունը, որը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը, երբեք չի կարող լինել վրաց ժողովրդի բարեկամը. սա հիմնարար ճշմարտություն է», — գրել է Պապուաշվիլին։

Վենեսուելան` Ռուսաստանի, Նիկարագուայի, Նաուրուի և Սիրիայի հետ միասին, ճանաչում է Վրաստանից չկառավարվող Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Ըստ Պապուաշվիլիի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային կարգը փլուզվել է, և փոքր պետություններին նոր իրականության պայմաններում գոյատևելու սեփական ուղի է անհրաժեշտ։ Նրա խոսքով՝ գլոբալ իրադարձությունները, այդ թվում՝ Վենեսուելայի օրինակը, հասարակության ներսում «պատռում են դիմակները» և ի հայտ բերում այն խմբերին, որոնք կողմ են արտաքին միջամտությամբ իշխանության գալուն։

Այս համատեքստում Շալվա Պապուաշվիլին կարծում է, որ Վրաստանը պետք է հավատարիմ մնա խաղաղության քաղաքականությանը և չներգրավվի օտար ուժերի սցենարներում։

«Այսօր էլ մեր խնդիրն անփոփոխ է՝ մեծ տերությունների բարձրացրած փոթորկի մեջ չվնասել պետությունը և անվնաս հասցնել անվտանգ նավահանգիստ», — գրել է Պապուաշվիլին։

Գրառման մեջ Պապուաշվիլին խոսում է Եվրամիության նվազած դերի մասին, որը կորցրել է ճգնաժամերին արձագանքելու ունակությունը։

Վերլուծաբաններն այս համատեքստում տարբեր ինդիրներ են կարևորում. «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին նշեց, որ բռնապետերը պետք է պատասխանատվություն կրեն խախտումների և բռնաճնշումների համար, սակայն դա պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ։

«Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ը և միջազգային դատարանների համակարգն ավելի արդյունավետ գործեն, և նման գործընթացները տեղի ունենան այնտեղ, այլ ոչ թե որևէ պետության իրականացրած հատուկ գործողությունների միջոցով՝ միջազգային նորմերի խախտմամբ։ Վենեսուելայի ժողովրդին պետք է հնարավորություն տրվի անցկացնելու ազատ ընտրություններ և ընտրելու սեփական իշխանությունը, իսկ կալանավորված քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն»,- հավելեց Նանուաշվիլին։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, օբյեկտիվ իրականությունն այն է, որ «Ռուսաստանը Վենեսուելայում ձախողվեց»։

«Համաշխարհային կարգում կենսականորեն անհրաժեշտ է դառնում ուժեղ դաշնակիցների առկայությունը։

Թե որքանով է կործանարար այս համատեքստում իշխող կուսակցության եվրոմեկուսացումը և Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ հարաբերությունների փչացումը, թող յուրաքանչյուրն ինքը որոշի»,- գրել է նա։

Քաղաքական վերլուծաբան Իրակլի Մելաշվիլիի կարծիքով` Ամերիկան ​​այժմ կանգնած է հսկայական մարտահրավերի առաջ. «Հուսով ենք, Վենեսուելայում չի կրկնվի Աֆղանստանի սխալը, որտեղ իշխանության բերեցին չափազանց կոռումպացված ռեժիմ»։

«Հակիրճ ասած՝ ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացրել է հատուկ ռազմական գործողություն, հիմա գլխավոր հարցն այն է, թե ինչպիսին կլինի այս գործողության քաղաքական արդյունքը: Կկարողանա՞ Վենեսուելայի ընդդիմությունը փոխել կառավարությունը: Այնտեղ միայն Մադուրոն չէ, կա բանակը, կուբացիների վերահսկության ներքո գտնվող հատուկ ուժերը, մի քանի հարյուր հազար մարդկանցից մինչև ատամները զինված բոլիվարական աշխարհազորը, որոնք աջակցում են կառավարությանը, նաև պետական ​​կառույցներ՝ տասնյակ հազարավոր մարդկանցով: Կփլուզվի՞ արդյոք այս ամբողջ համակարգը Մադուրոյի ձերբակալությունից հետո, թե՞ իշխող կուսակցությունը կկարողանա ամրապնդել և պահպանել իշխանությունը: Մինչ այժմ ոչ ոք չունի այս հարցերի պատասխանը»,- ընդգծել է Մելաշվիլին։

Ինչպիսին են Վրաստանի և Վենեսուելայի միջև տնտեսական հարաբերությունները

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) արտաքին առևտրի պորտալի՝ երկրների միջև առևտրաշրջանառությունը սահմանափակվում է միայն տեղական արտահանմամբ։

Մասնավորապես, վիճակագրության համաձայն, 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանը Վենեսուելա է արտահանել 254 հազար ԱՄՆ դոլարի տեղական արտադրանք։

Դրանցից արտահանվող թոփ 5 ապրանքների ցանկը հետևյալն է.

  • Մեկուսացված մետաղալարեր, մալուխներ՝ 144.8 հազար ԱՄՆ դոլար,
  • Բժշկական կամ անասնաբուժական օգտագործման գործիքներ և սարքավորումներ՝ 39.9 հազար ԱՄՆ դոլար,
  • Փայտե շինարարական արտադրանք՝ 20.6 հազար ԱՄՆ դոլար,
  • Սոսնձված ֆաներա, փայտե ծածկույթով վահանակներ և խառը փայտից պատրաստված նմանատիպ նյութեր՝ 13.7 հազար ԱՄՆ դոլար,
  • 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական շղթաների անջատման կամ պաշտպանության սարքավորումներ՝ 10.1 հազար ԱՄՆ դոլար։

Փոխանցումների առումով, անցյալ տարվա նոյեմբերին Վենեսուելայից Վրաստան է փոխանցվել 8000 լարի։

Geostat-ի տվյալներով՝ Վենեսուելայից ներդրումները նույնպես զրոյական են։
Այցելուների առումով,Ազգային զբոսաշրջության վարչության տվյալներով, 2025 թվականի երրորդ եռամսյակում Վենեսուելայից ժամանել է 131 զբոսաշրջիկ, ինչը 17.1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2024 թվականի երրորդ եռամսյակում այցելուների թիվը եղել է 158: