Ու՞մ ենք ընտրում հոկտեմբերի 4-ին․ մեծամասնական պատգամավորների մանդատները սահմանափակվել են

Վրաստանի ընտրական օրենսգրքում վերջին փոփոխություններից հետո համայնքներում մեծամասնական պատգամավորների մանդատները սահմանափակվել են․ ու՞մ ենք ընտրում հոկտեմբերի 4-ին։

2024 թվականին ընտրական օրենսգրքում «Վրացական երազանքի» նախաձեռնած փոփոխություններից առաջինն առնչվում է տեղական ինքնակառավարման ընտրություններին․ վերացվել է 40%-անոց շեմը, որը «Ընտրական օրենսգրքով» սահմանված էր մեծամասնականների համար տեղական ինքնակառավարման ընտրություններում։ Իսկ երկրորդը վերաբերվում էր խորհրդարանական ընտրություններին, այդ թվում՝ 2024 թվականի հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններին։ Նշված փոփոխություններին ընդդիմությունն իր հավանությունը չի տվել։

Վերջին շրջանում ևս եղան փոփոխություններ, ըստ որի՝ համայնքներում գյուղերի ներկայացուցիչ (մեծամասնական պատգամավոր) պատգամավորների շրջանակը կսահմանափակվի։ Այսինքն եթե նախկինում պատգամավորը ներկայացնում էր 10-ից ավել գյուղ, այժմ կներկայացնի մեկ կամ մի քանի գյուղ։

Մեծամասնական պատգամավորն ընտրվում է քաղաքացիների կողմից՝ մեծամասնական ընտրական ձևաչափով, կոնկրետ ընտրատարածքից և ունի լայն լիազորություններ, այդ թվում՝ օրենքների նախագծերի նախաձեռնություն, քվեարկության մասնակցություն, կառավարության վերահսկողություն և այլ պարտականություններ։ Նրա կարգավիճակը երկարաժամկետ է (4 տարի), և նա պատասխանատու է իր ընտրատարածքի քաղաքացիների առաջ, քանի որ հենց նրանց ձայներով է ընտրված։

«Կատարված փոփոխություններին ես կողմ եմ, քանի որ ինքս զգացել եմ ինչքան բարդ է մեկ անձի համար միևնույն ժամանակ նկատել, ներկայացնել և իրականացնել 17  գյուղերի կարիքները», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշում է Մառնեուլիի քաղաքապետարանում ներկայացված պատգամավոր Արսեն Հախվերդյանը։

Արսեն Հախվերդյանը հանդիսանում է Մառնեուլի համայնքի ավագանու մեծամասնական պատգամավոր՝ Աղքյորթի, Օփրեթի, Խոժոռնի, Շահումյանի և Ծերաքվաի վարչական շրջաններում։

Ինչպես նշում է Հախվերդյանը, կառավարությունը ևս նկատել է, որ մեկ անձի համար բարդ է միաժամանակ մի քանի գյուղի պահանջները բավարարելը, այդ իսկ պատճառով էլ անհապաղ փոփոխություններ են կատարվել։

«Ես 3 անգամ համամասնական ձևաչափով ընտրվել եմ որպես պատգամավոր և չեմ կարծում, որ այս ամենն արվում է ավելի շատ ձայներ հավաքելու համար։ Քանի որ այս տարիների ընթացքում բազում ներդրումներ եմ ունեցել, և միշտ փորձել եմ աջակցել քաղաքացիներին»։

Հախվերդյանը նաև նշեց, որ այս ընտրություններին նա չունի իր հետ մրցակից, քանի որ ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել։ Մառնեուլիի շրջանում լինելու է 20 վարչական շրջան, որոնցից 4-ում միայն «վրացական երազանքն» է առաջադրել թեկնածու, իսկ 15-ում՝ «Վրացական երազանքը» և «Լելո-ուժեղ Վրաստանը», իսկ 1-ում նաև «Կոնսերվատորներ Վրաստանի համար» կուսակցությունը:

Հեղինակ՝ Նինա Պապիկյան