«Վրացական երազանք»-ը կվերացնի «նախարարի ժամը» խորհրդարանում

«Վրացական երազանք»-ը միակուսակցական խորհրդարանում վերացնում է «նախարարի ժամը»: Սա խորհրդարանական կանոնակարգի փոփոխություններից մեկն է, որը  «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները նախաձեռնել են «գործնականում հայտնաբերված թերությունները» շտկելու նպատակով։

«Նախարարի ժամը, որը Վրաստանի Սահմանադրությամբ նախատեսված վերահսկողական գործիք չէ, և որը, ինչպես ցույց տվեց պրակտիկան, խորհրդարանական վերահսկողության անարդյունավետ մեխանիզմ էր, վերացվում է», – գրել են «Վրացական երազանք»-ի պատգամավորները օրենքի նախագծի բացատրական հատվածում։

Ինչ է նշանակում «նախարարի ժամ»

«Նախարարի ժամը» տարեկան մեկ անգամ խորհրդարանի նիստում կառավարության ծրագրի կատարման քննարկումն է. այս գործընթացը սկսվում էր նախարարի ելույթով։ Պատգամավորները կարող էին նախարարին տեղեկացնել այն հարցերի մասին, որոնց վրա կցանկանային կենտրոնանալ զեկույցի ընթացքում։ Զեկույցին հաջորդում էր պատգամավորների ճշտող հարցուպատասխանը, որից հետո տեղի էր ունենում բանավեճ։

Երբվանից է գործում «նախարարի ժամը»

«Նախարարի ժամը» ներառվել է խորհրդարանի նոր կանոնակարգում, որն ընդունվել է 2018 թվականին՝ «Վրացական երազանք»-ի նախաձեռնությամբ։ Այն ժամանակ բացատրական հատվածում ասվում էր, որ դա կուժեղացնի խորհրդարանական վերահսկողությունը և հաշվետվողականությունը: