Վրացիների մեծամասնությունը պատրաստ է պաշտպանելու երկիրը. հարցում

18-55 տարեկան վրացիների մեծամասնությունն ասել է, որ պատրաստ է պայքարել իրենց երկիրը պաշտպանելու համար։ Այս տվյալները ներկայացրել է «Ժողովրդավարությունների դաշինք» հիմնադրամը վերջին զեկույցում:

Նույն հարցման համաձայն, որը հրապարակվել է մայիսի 12-ին, վրացիները հատկապես անհանգստացած են «օտարերկրյա պետության կողմից հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ»։ Նման ընկալումների ուժգնությամբ Վրաստանը առաջատար երեք երկրների շարքում է՝ Ուկրաինայի և Ֆիլիպինների հետ միասին։

Ուկրաինացիների հետ նմանությունները նկատելի են նաև երկրի պաշտպանունակության նկատմամբ վերաբերմունքի առումով. վրացի հարցվածների զգալի մասը կողմ է իրենց երկրի պաշտպանական ծախսերի ավելացմանը, եթե նույնիսկ դա հանգեցնի այլ ոլորտների ֆինանսավորման կրճատման կամ հարկերի աճի։

Նման վերաբերմունքով Վրաստանը համեմատելի է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Լեհաստանը, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Նիդերլանդները։

Հետազոտությունը հեղինակած կազմակերպության տվյալներով, հարցումն անցկացվել է ամբողջ աշխարհում առցանց՝ ապրիլի 9-ից 23-ն ընկած ժամանակահատվածում։

«Ժողովրդավարությունների դաշինք»-ը հիմնադրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Հիմնադրամը նաև ամենամյա ժողովրդավարության գագաթնաժողովի կազմակերպիչն է։