Վրաստանի ԱԳՆ-ն չի հաղորդել Բոճորիշվիլիի և նրա բելառուս գործընկերոջ հանդիպման մասին

Բելառուսի պետական ​​լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը, հաղորդել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովի և Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի Նյու Յորքում կայացած հանդիպման մասին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկություն չի հրապարակել բելառուս գործընկերոջ հետ Բոճորիշվիլիի հանդիպման մասին։

Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման ուղիները։

«Քննարկումը, մասնավորապես, նվիրված էր առևտրային, տնտեսական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում համագործակցությանը։

Մաքսիմ Ռիժենկովը վրացական կողմին հաջողություն է մաղթել Վրաստանում առաջիկա մունիցիպալ ընտրությունների անցկացման գործում, — ասված է բելառուսական լրատվամիջոցների տարածած տեղեկության մեջ։

Նշենք, Մաքսիմ Ռիժենկովը 2016-2024 թվականներին զբաղեցրել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Նա ընդգրկված է Եվրամիության «սև ցուցակում» և պատժամիջոցների տակ է մի շարք այլ երկրներում։ Նրա դեմ սահմանափակումներ են սահմանվել «Լուկաշենկոյի ռեժիմ»-ին աջակցելու, 2020 թվականի ընտրակեղծիքներին մասնակցելու և ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների համար։

Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Բելառուսի քննչական կոմիտեի նախագահ Դմիտրի Հարայի հետ, սակայն Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը նույնպես հանդիպման մասին տեղեկություն չէր հրապարակել։

Բելառուսի քննչական կոմիտեի ղեկավար Դմիտրի Հարան նույնպես պատժամիջոցների տակ է ԵՄ բոլոր 27 երկրներում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։