2024-25 ուսումնական տարում Վրաստանի դպրոցներում սովորող աշակերտների թիվը հասել է 640 հազար 700-ի, կարդում ենք TBC Capital-ի ուսումնասիրության մեջ։
«2024-25 ուսումնական տարում Վրաստանի դպրոցներում սովորող աշակերտների թիվը հասել է 640 հազար 700-ի, ինչը տարեկան 1% աճի տեմպ է կազմում։ Նրանցից 570 հազար 400 աշակերտ (89%) սովորում է պետական դպրոցներում, իսկ 70 հազար 300-ը՝ մասնավոր դպրոցներում։
Վրաստանում դպրոցների ընդհանուր թիվը նվազել է մինչև 2294, ինչը պայմանավորված է մասնավոր դպրոցների թվի նվազմամբ։ Այժմ Վրաստանում գործում է 2086 պետական և 208 մասնավոր դպրոց։ Մասնավոր ուսումնական հաստատությունների անկումը պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են դպրոցների միաձուլումները, նաև թույլտվության հետ կապված խնդիրները», — ասված է TBC Capital-ի հրապարակման մեջ։
Ըստ ուսումնասիրության` մայրաքաղաքում կա 109 մասնավոր դպրոց, որտեղ սովորում է 45 հազար 500 աշակերտ։ Թբիլիսիի մասնավոր դպրոցներում աշակերտների ընդգրկվածության մակարդակը կազմում է 19.8%, որը ամենաբարձրն է երկրում։
Ինչ վերաբերում է ուսման վարձին, ապա Թբիլիսիի մասնավոր դպրոցների 47%-ում տարեկան ուսման վարձը տատանվում է 6000-ից մինչև 12 հազար լարիի սահմաններում, իսկ 24%-ում` կազմում է 12 հազար լարիից ավելի։