Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հայտարարություն է տարածել, ըստ որի` հրաժարվում է պատասխանել Հակակոռուպցիոն բյուրոյի պահանջած տեղեկատվության վերաբերյալ անհիմն հարցմանը։
Սեպտեմբերի 30-ին Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան գրավոր տեղեկացվել է, որ Հակակոռուպցիոն բյուրոն վարույթ է սկսել կազմակերպության գործունեության համար տրամադրված դրամաշնորհների համապատասխանությունը ստուգելու նպատակով։ Այս վարույթի շրջանակներում բյուրոն Խարտիայից պահանջել է տարբեր կատեգորիաների ծավալուն տեղեկատվություն։
«Հակակոռուպցիոն բյուրոյի նախաձեռնած վարույթն առաջին գործնական քայլն է նոր օրենսդրությունն օգտագործելու բազմաթիվ լավ լրագրողների մեծ ջանքերի շնորհիվ ստեղծված բարձր հեղինակություն վայելող կազմակերպությունը ոչնչացնելու համար։
Խարտիան կպաշտպանի իր օրինական իրավունքները բոլոր հնարավոր իրավական միջոցներով։
Հունիսից ի վեր Խարտիան աշխատում է կամավորական հիմունքներով՝ մասնագիտական համայնքի և տեղական նվիրատվությունների աջակցությամբ։
Խարտիան փորձում է հաղթահարել «Վրացական երազանք»-ի ստեղծած արհեստական դժվարությունները, որպեսզի շարունակի ծառայել մասնագիտական համայնքին և հասարակությանը, նրանց հնարավորություն տա շփվելու և հաղորդակից լինելու իրենց մտահոգություններով, նաև տրամադրի մասնագիտական կարծիքներ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ», — նշված է Խարտիայի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասված է, որ Խարտիան շարունակելու է պաշտպանել լրագրողների իրավունքները և շարունակում է պահանջել իշխանական կառույցներից դադարեցնել լրագրողների նկատմամբ հետապնդումները և ապահովել նրանց համար անվտանգ աշխատանքային պայմաններ։
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան ստեղծել են լրագրողները 2009 թվականին։
Մինչ օրս Խարտիան քննարկել է մոտ 800 դիմում՝ լրագրողական աշխատանքների համապատասխանությունը մասնագիտական չափանիշներին որոշելու համար։ Դիմորդների թվում, տարբեր կառավարությունների օրոք, եղել են խորհրդարանի անդամներ, նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական ծառայողներ, գործարարներ, ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչներ, ակտիվիստներ, հոգևորականներ, դատապարտյալներ և սովորական քաղաքացիներ, ինչը վկայում է Խարտիայի նկատմամբ հասարակության տարբեր շերտերի բարձր վստահության մասին։