Վրաստանի նախկին գլխավոր դատախազը մայիսի 9-ին Մոսկվայում էր

Լուսանկարը՝ tvpirveli.ge-ից

Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, ԱՄՆ պատժամիջոցների ենթարկված գործարար Օթար Փարցխալաձեն մայիսի 9-ին Մոսկվայում է եղել. նա մասնակցել է Կարմիր հրապարակում անցկացված շքերթին:

Վրաստանյան TV Pirveli-ի փոխանցմամբ, Վրաստանի նախկին դատախազը մայիսի 9-ի ժամը 10:00-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում է եղել ռուսամետ «Համերաշխություն խաղաղության համար» կուսակցության առաջնորդ Մամուկա Փիփիայի հետ միասին։ Ըստ կադրերի՝ Փարցխալաձեն տեղ է զբաղեցրել աջ ամբիոնին, որտեղ նստած են եղել Ռուսաստանի իշխող էլիտային մոտ կանգնած մարդիկ։

TV Pirveli-ի «Շաբաթիս եթերի» հաղորդման լրագրողը կադրերը ցույց է տվել Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Անրի Օխանաշվիլիին, վերջինս խուսափել է խոսել իր նախկին թիմակցի մասին։

«Կարմիր հրապարակում Պուտինի շքերթին մասնակցելուց առաջ Փիփիան Թբիլիսի էր ժամանել հատուկ առաքելությամբ։ Փարցխալաձեի համախոհն ու մերձավոր շրջապատի անդամը հավաքել է «Վրացական երազանք»-ի այն կողմնակիցներին, որոնք բացահայտորեն ռուսամետ հայտարարություններ են անում։ Հանդիպմանը ներկա է եղել «Վրացական երազանք»-ի առաջնորդ Կախա Կալաձեի փեսան՝ Պաատա Աբուլաձեն։ Ներկա են եղել պատգամավոր Իլիա Ինջիայի հայրը՝ Փրիդոն Ինջիան, Իրակլի Կոբախիձեի պաշտպան Նանա Կակաբաձեն և այլ անձինք։ «Ամբասադոր» հյուրանոցում պաշտոնական քննարկումից հետո նրանք ասել են, որ ամբողջ Վրաստանում ստորագրություններ են հավաքվում Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար, ինչը «Վրացական երազանք»-ին թույլ կտա ալիբի ստեղծել և «ժողովրդի անունից ասել», որ Պուտինի հետ պաշտոնական հարաբերությունների վերականգնումը Վրաստանի քաղաքացիների պահանջն է», — գրել է TV Pirveli-ին: