Վրաստանից չկառավարվող Աբխազիան նշում է «անկախության օրը»

Վրաստանից չկառավարվող Աբխազիան սեպտեմբերի 30-ին նշում է «Հաղթանակի և անկախության օրը»։

Սոխումիի «Փառքի այգում» զոհվածների հուշարձանին ծաղիկներ դնելու արարողություն է տեղի ունեցել։ Միջոցառմանը մասնակցել են աբխազ քաղաքական գործիչներ և Մոսկվայից ու Ցխինվալիից ժամանած պատվիրակություններ։

Կազմակերպվել է շքերթ, որին մասնակցել են Աբխազիայի դե ֆակտո «պաշտպանության նախարարության» Սոխումիի կայազորը, 7-րդ ռուսական ռազմաբազան և Աբխազիայում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ստորաբաժանումները։

Դե ֆակտո առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի գերեզմանը զարդարվել է ծաղիկներով:

Միջոցառումներին մասնակցելու համար Սոխումի է ժամանել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Սա նրա այս տարվա վեցերորդ այցն է Սոխումի։

Աբխազական պատերազմը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին և տևել է 13 ամիս և 13 օր: Տարբեր գնահատականներով՝ զինված հակամարտությունը խլել է 10 հազարից 30 հազար մարդու կյանք, իսկ ավելի քան 300 հազարը դարձել են փախստական: