Վրաստանում եղանակը կտրուկ կվատանա

Դեկտեմբերի 27-31-ը Վրաստանում սպասվում է ցուրտ և խոնավ օդային զանգվածների ներհոսում պարբերական տեղումներով, որոշ տեղերում` առատ, հիմնականում ձյան տեսքով։

Հնարավոր է քամու ուժգնացում, լեռնային շրջաններում՝ մառախուղ, ձնաբուք և ճանապարհներին մերկասառույց, հաղորդել է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ դեկտեմբերի 29-30-ը ափամերձ շրջաններում հնարավոր են ամպրոպներ, ծովում՝ մինչև 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկներ, իսկ երկրի բարձրլեռնային շրջաններում՝ ձնահոսքի վտանգ։

«Ձյան առատ տեղումների, վատ տեսանելիության, ձնաբուքի, մերկասառույցի և ձնահոսքի վտանգի պատճառով մայրուղիների որոշ հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը։

Սպասվող տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել ջրի մակարդակը Արևմտյան Վրաստանի գետերում», — ասված է հաղորդագրության մեջ։