Վրաստանում սեփականության իրավունքի պաշտպանությունը վատթարացել է

The Heritage Foundation հետազոտական կենտրոնը հրապարակել է 2026 թվականի Տնտեսական ազատության ինդեքսը, ըստ որի` Վրաստանն աշխարհում զբաղեցնում է 35-րդ տեղը։ Չնայած երկրի ընդհանուր գնահատականը փոքր-ինչ՝ 0.6 միավորով աճել է և կազմել 69.6 միավոր, ինդեքսի ամենակարևոր բաղադրիչներից մեկում՝ սեփականության իրավունքի պաշտպանվածության հարցում, կտրուկ վատթարացում է արձանագրվել։

Ինդեքսը երկրները գնահատում է ըստ տնտեսական քաղաքականության, բիզնեսի և առևտրի ազատության, հարկերի մակարդակի, բյուրոկրատական արդյունավետության, ֆինանսական համակարգի, ներդրումային միջավայրի և սեփականության իրավունքների պաշտպանության։

2026 թվականի զեկույցի համաձայն՝ սեփականության իրավունքների բաղադրիչում Վրաստանի միավորը զգալիորեն նվազել է։ Եթե նախորդ տարի այս ուղղությամբ երկիրը գնահատվում էր 62.3 միավոր, ապա նոր գնահատմամբ ցուցանիշն իջել է մինչև 53 միավոր։ Սա նշանակում է 9.3 միավորով վատթարացում, ինչն ինդեքսի բաղադրիչների միջև ամենամեծ անկումներից մեկն է։

Զեկույցի համաձայն՝ վերջին տարիներին Վրաստանի ընդհանուր դիրքերի վատթարացումը մեծապես կապված է հենց սեփականության իրավունքների պաշտպանության վիճակի հետընթացի հետ։ Դրա հետ մեկտեղ նվազել են նաև դատական համակարգի արդյունավետության և կառավարման որակի գնահատականները։

2012–2022 թվականներին Վրաստանի գնահատականը Տնտեսական ազատության ինդեքսում ամեն տարի 70 միավորից բարձր էր, սակայն 2023 թվականից ի վեր այդ շեմն այլևս չի հաղթահարվել։

Տարածաշրջանի մյուս երկրների համեմատ Վրաստանի արդյունքները.

  • Հայաստան – 67.1 միավոր, 52-րդ տեղ,
  • Ադրբեջան – 64.3 միավոր, 67-րդ տեղ,
  • Թուրքիա – 55 միավոր, 117-րդ տեղ,
  • Ռուսաստան – 50.3 միավոր, 145-րդ տեղ։