ԵԱՀԿ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել՝ ամփոփելով ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի այցը Վրաստան։
Էլինա Վալտոնենը երկօրյա այցով Վրաստանում էր հոկտեմբերի 14-15-ը։
ԵԱՀԿ մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարի, նաև քաղաքացիական հասարակության ու անկախ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ Էլինա Վալտոնենն իր զրուցակիցներին վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն անսասան աջակցում է Ժնևի միջազգային բանակցություններին և միջադեպերի կանխարգելման ու արձագանքման մեխանիզմին։
Հաղորդագրությունում նաև նշված է, որ նախարար Վալտոնենն ականատես է եղել 2008 թվականի պատերազմի տևական հետևանքներին Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության հետ վարչական սահմանային գծի այցելության ժամանակ։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ Էլինա Վալտոնենն ընդգծել է ԵԱՀԿ մասնակից պետությունների և ԵԱՀԿ հաստատությունների մտահոգությունները Վրաստանի ժողովրդավարական կառավարման և սահմանափակող օրենսդրության վերաբերյալ, որը խոչընդոտում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և լրագրողների գործունեությանը։