ԵՄ-ն դատապարտում է ՌԴ-Սոխումի կանոնավոր չվերթերի վերսկսումը

Եվրոպական Միությունը դատապարտում է չվերթերը վերսկսելու Ռուսաստանի որոշումը դեպի Վրաստանից չվերահսկվող Սոխումիի օդանավակայան։ Այս հայտարարությունն արել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Անուար Էլ Անունը։

Նա նշել է, որ Եվրամիությունը ևս մեկ անգամ հաստատել է իր ամուր աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։

«Եվրոպական Միությունը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության միակողմանի որոշումը՝ վերսկսելու Վրաստանի օկուպացված անջատողական շրջան Աբխազիա՝ Սոխումիի հետ կանոնավոր կոմերցիոն չվերթերը: Այս գործողությունը, որը կատարվել է առանց վրացական իշխանությունների համաձայնության և Սոխումիի օդանավակայանի համար անհրաժեշտ միջազգային ավիացիոն կանոնագրի բացակայության պայմաններում, Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման ևս մեկ քայլ է», — հայտարարել է Անուար Էլ Անունը։

Մայիսի 1-ից Ռուսաստանը սկսել է կանոնավոր ուղևորատար չվերթեր իրականացնել դեպի Վրաստանի օկուպացված շրջան՝ Սոխումի։

Սոխումիից 18 կիլոմետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանը կառուցվել է 1950-ական թվականներին և փակվել 1993 թվականին՝ 1990-ականների ռազմական գործողություններից և Աբխազիայի նկատմամբ Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից վերահսկողության կորստից հետո։

Վրաստանի կառավարության որոշման հիման վրա Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը չեղարկել է Սոխումիի օդանավակայանի կոդը։

2023 թվականին Ռուսաստանը պայմանագիր կնքեց օկուպացված Աբխազիայի հետ՝ Սոխումիի օդանավակայանը վերակառուցելու վերաբերյալ։ 2025 թվականի փետրվարին Ռուսաստանից դեպի Սոխումի օդանավակայան փորձնական թռիչք իրականացվեց։

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից լրատվամիջոցներում հրապարակված հայտարարության համաձայն, Սոխումիի օդանավակայանի շահագործումն անօրինական է, և չվերթերը իրականացնող ավիաընկերությունը «խախտում է Չիկագոյի միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի հիմնարար և հիմնական սկզբունքները»։

Թբիլիսին ընդգծել է, որ Վրաստանը վայելում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) «անվերապահ աջակցությունը»։

Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը Սոխումիի օդանավակայանը չի ճանաչում որպես միջազգային օդանավակայան, քանի որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։