«1+4» ծրագիրը վտանգված է. Իլիայի համալսարանի ուսանողների ու դասախոսների հայտարարությունը

Իլիայի պետական համալսարանի A մասնաշենքի մոտ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողները, ծնողները, դասախոսները և քաղաքացիական հասարակության անդամները հանդես են եկել արտահերթ հայտարարությամբ և քննադատել «Վրացական երազանք»-ի կրթական բարեփոխումը։

Ըստ հայտարարության հեղինակների` բարեփոխումը և «1+4» ծրագրի ապագայի հետ կապված անորոշությունը վտանգում են էթնիկ փոքրամասնությունների հազարավոր ուսանողների կրթության իրավունքը։

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պահանջում են «1+4» ծրագրի լիակատար պահպանում, Իլիայի պետական ​​համալսարանի ակադեմիական ինքնավարության և անկախության պաշտպանություն, նաև 2025-2026 ուսումնական տարում ընդունված մինչև 500 ազգային փոքրամասնությունների ուսանողների կրթության իրավունքի ապահովում։

 «էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի խախտումը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, մարդու իրավունքների սկզբունքներին և միջազգային պարտավորություններին:

Հայտնի է, որ 2025-2026 ուսումնական տարում Իլիայի պետական համալսարան է ընդունվել էթնիկ փոքրամասնությունների շուրջ 500 ներկայացուցիչ: Այս ուսանողները ներկայումս գտնվում են նախապատրաստական փուլում և հաջորդ ուսումնական տարում պետք է սովորեն բակալավրիատի առաջին կուրսում: Այս մարդկանցից յուրաքանչյուրի ցանկությունն է լինել Իլիայի պետական համալսարանի ուսանող:

Նաև հարկ է նշել, որ պլանավորված բարեփոխումը կվերաբերի ոչ միայն մեկ համալսարանի, այլև երկրի մասշտաբով այլ համալսարանների հազարավոր ուսանողների ապագային:

Սրա հետ կապված առաջանում են կարևոր հարցեր.

• Հաջորդ տարի ո՞ր համալսարաններում և ինչպե՞ս ենք շարունակելու ուսումը: Նոր բարեփոխման մասին որոշումը սահմանափակվում է միայն ընդհանուր տեղեկություններով:

• Ինչպե՞ս կապահովվեն մեր իրավունքները և կրթության հնարավորությունները:

• Ի՞նչ ազդեցություն կունենա «1+4» ծրագրի կրճատումը ապագա դիմորդների ապագայի վրա:

Հայտարարում ենք, որ «1+4» ծրագիրը կարևոր է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդների համար բարձրագույն կրթության հասանելիությունն ապահովելու գործում: Այս ծրագրի կրճատումը կմեծացնի սոցիալական անհավասարությունը և լրջորեն կվնասի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների ինտեգրման գործընթացին ու մեր երկրի շահերին», — ասված է հայտարարության մեջ:

Վրացերենի ուսուցման նախապատրաստական ծրագրի համակարգող, Իլիայի պետական համալսարանի դասախոս Իվլիտա Լոբժանիձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց, որ համալսարանում վրացերենը որպես երկրորդ լեզու և ինտեգրման ծրագիրը գործում են 2010 թվականից, դասախոսի խոսքով՝ «սկզբում կար ընդամենը 5 ուսանող, իսկ այսօր ունենք շուրջ 500 ուսանող, ինչը վկայում է մեր ուսուցման որակի մասին».

«Բազմաթիվ արտաքին հետազոտություններ հաստատում են, որ Իլիայի պետական համալսարանը լավագույնն է Վրաստանում. նկատի ունեմ այս ծրագիրը, և ընդհանրապես համալսարանն իր ուսուցման ժամանակակից մեթոդներով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։

Ընթացիկ բարեփոխման շրջանակներում վտանգվում են ինչպես Իլիայի համալսարանի ամբողջական ծրագրերը (ծրագրերի մինչև 92 տոկոսը չեղարկվում է), այնպես էլ վտանգվում է վրացերենը որպես երկրորդ լեզու և ինտեգրման ծրագրի լիարժեք իրականացումը։ Ի՞նչ է սա նշանակում. եթե համալսարանն ընդունի ընդհանուր 300 ուսանող, ապա մենք մեր ծրագրով կարող ենք ընդունել 5-ական տոկոսը, ինչը հանրագումարում կարող է կազմել ընդամենը 30-40 ուսանող։

Սա լուրջ խնդիր է տարածաշրջանում ապրող դիմորդների և երիտասարդների համար, որոնք ցանկանում են սովորել Իլիայի համալսարանի ժամանակակից ծրագրերով։ Բնականաբար, այս բարեփոխման շրջանակներում, կրճատված քվոտաների ֆոնին, նրանք այլևս չեն կարողանա ընդունվել։ Հետևաբար, կրթության հասանելիության խնդրի առաջ կկանգնի տարածաշրջանի մեր հայալեզու, ադրբեջանալեզու, ռուսալեզու և աբխազալեզու բնակչությունը, ինչը լուրջ սպառնալիք է մեր երկրի զարգացման համար»,- ընդգծեց Լոբժանիձեն։

Հիշեցնենք, հոկտեմբերի 16-ին Իրակլի Կոբախիձեն ներկայացրեց բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման ազգային հայեցակարգը: Նա խոսեց համակարգում առկա 7 հիմնական մարտահրավերների և բարեփոխման 7 հիմնական առաջադրանքների մասին։

Առանձնապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ ներկայացված հայեցակարգում, այլ պաշտոնական հայտարարություններում ևս, ընդհանրապես չի հիշատակվում «1+4» ծրագիրը՝ մի մեխանիզմ, որը տարիների ընթացքում ձևավորվել է որպես էթնիկ փոքրամասնությունների բարձրագույն կրթության մեջ ներգրավվածության հիմնական գործիք, ինչը հասարակության մեջ անորոշություն և անհանգստություն է առաջացրել: Ավելին կարդացեք այստեղ։