Ախալքալաքում ներկայացվեց «Տարածքային պահեստազոր» ծրագիրը

Ախալքալաքի քաղաքապետարանում ներկայացվել է Վրաստանի պաշտպանության նախարարության «Տարածքային պահեստազոր» ծրագիրը։

104-րդ տարածքային պաշտպանության գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոչա Բատաձեն և վաշտի սերժանտ Ռամին Էբրալիձեն խոսել են Վրաստանի ՊՆ-ի «Տարածքային պահեստազոր» նախագծի նորացված տարբերակի մասին։

«Թարմացված ծրագրի արդյունքում ռեզերվում ընդգրկված պահեստազորայինների տարեկան աշխատավարձը կավելանա (2500 լարիի փոխարեն կկազմի ավելի քան 4200 լարի)։ Նրանք կօգտվեն նաև առողջապահական ապահովագրության ամբողջական փաթեթից, ինչպես գործող զինվորականները», — նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ծրագրին կարող են մասնակցել Վրաստանի քաղաքացիություն ունեցող 18-ից 51 տարեկան անձինք, այդ թվում՝ 18-ից 22 տարեկան ուսանողները։

Տեղեկատվական հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի փոխքաղաքապետեր Թեյմուրազ Մճեդլիձեն, Մկրտիչ Մղդեսյանը, Սակրեբուլոյի (ավագանի) նախագահ Նաիրի Իրիցյանը, տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։