ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով Թբիլիսիում բացվեցին Հայաստանի մշակույթի օրերը

Հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով մեկնարկեցին Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում։

Բացման խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավան։

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ ազգային նվագախմբի գալա համերգին, որը մեր երկրների անկախացումից ի վեր Վրաստանում ներկայանում է առաջին անգամ…

Հայաստան-Վրաստան բարեկամական հարաբերությունների մասին կարելի է շատ երկար խոսել. դարերի ընթացքում հայ ու վրաց մշակույթները բազմիցս հանդիպել են իրար և փոխաձարդաբար հարստացրել միմյանց։ Եվ այսօր, մենք ևս մեկ անգամ, վկայելով անցյալի հարուստ ավանդույթները, վերահաստատում ենք, որ հայ-վրացական բարեկամությունը միայն անցյալի ժառանգություն չէ, այն կենդանի հարաբերություն է, որն այսօր է զարգանում է նոր մշակութային նախաձեռնություններում»,-ընդգծեց ՀՀ դեսպանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը իր խոսքում ևս ընդգծեց օրվա կարևորությունը. նրա խոսքով՝ մշակույթն այն եզակի հարթակներից է, որտեղ ժողովուրդները կարող են խոսել միմյանց հետ առանց սահմանների՝ երաժշտության, արվեստի, գրականության, թատրոնի, կինոյի և մշակութային ժառանգույթան լեզվով.

«Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամությունը ունի դարերի պատմություն. մեզ կապում են ոչ միայն ընդհանուր տարածաշրջանը, հարևանությունն ու պատմական առնչությունները, այլև մարդկային ամուր կապերը, փոխադարձ հարգանքը և մշակութային հարուստ երկխոսությունը»,-ասաց Անդրեասյանը։

Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավայի խոսքով՝ հյուրընկալվել է մի նվագախումբ, որն աչքի է ընկնում իր պրոֆեսիոնալիզմով, հավատարմությամբ՝ Հայաստանի մշակութային եզակի ժառանգության հանդեպ, ինչպես նաև մեծ ձգտումներով.

«Նվագախմբի ներկայությունն այստեղ այսօր ևս մեկ ապացույցն է այն բանի, որ երաժշտությունը համամարդկային լեզու է, որը միավորում է ազգերին, ամրապնդում մեր բարեկամությունը և հարստացնում մեր ընդհանուր մշակութային ժառանգությունը»։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց նաև Հայաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը.

«Վրաստանում երկրորդ անգամ ելույթ ունենալը հիանալի փորձառություն էր․ առաջին անգամը 20 տարի առաջ էր։ Երբ առաջին անգամ եկա Վրաստան նվագելու, այցելեցի նաև մորաքրոջս, ով շատ հայտնի թբիլիսահայ նկարչուհի Գայանե Խաչատրյանն է։ Եվ 20 տարի անց ինձ համար մեծ պատիվ է նվագել այս համերգին ու հայկական մշակույթը ներկայացնել Վրաստանում՝ այսքան մոտ հարևան, մշակութային առումով հարազատ ու եղբայրական երկրում։ Այո՛, սա անմոռանալի փորձառություն էր»,-ընդգծեց թավջութակակարը։ 

Նշենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և աշխարհահռչակ թավջութակահար, Նարեկ Հախնազարյանի մենակատարությամբ,  ներկայացրին Զ. Փալիաշվիլիի, Ա. Դվորժակի և Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները։

Համերգին ներկա էին Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, խորհրդարանականներ, Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամներ, Վրաստանի պետական կառույցների, գիտակրթական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ և վիրահայ համայնքի անդամներ։