Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում այսօր 445 «կողմ», 37 «դեմ» ձայներով ընդունվեց բանաձև՝ «Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընդդիմադիր կուսակցություններն արգելելու փորձերի մասին»․ 97 պատգամավոր ձեռնպահ է մնացել քվեարկությունից։
Բանաձևի նախագծում, որը հրապարակվել էր երեկ՝ նշված հարցով քննարկումների անցկացումից առաջ, նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է վրացական ընդդիմադիր կուսակցություններն արգելելու փորձերը և պահանջում է անհապաղ հետ կանչել դրանց դեմ ներկայացված սահմանադրական հայցը։
Բացի այդ, Եվրոպական խորհրդարանը Եվրամիությանը և անդամ երկրներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նկատմամբ։
«Քանի որ Վրաստանում իրավիճակը գնալով վատթարանում է ժողովրդավարության, մեդիայի ազատության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության տեսանկյունից կառավարության գործողությունների պատճառով, որոնք ավելի ու ավելի չեն համապատասխանում Վրաստանի միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Կոպենհագենի չափանիշներին․
Քանի որ 2025 թվականի նոյեմբերին խորհրդարանը ընդդիմադիր կուսակցություններն արգելելու վերաբերյալ սահմանադրական հայց է ներկայացրել, այդ թվում՝ «Միացյալ ազգային շարժում», «Կոալիցիա փոփոխությունների համար» և «Ուժեղ Վրաստան — Լելո» կուսակցություններն արգելելու պահանջով․ «Ֆեդերալիստները» հետագայում ավելացվել են հայցում, իսկ 2026 թվականի սեպտեմբերին ավելացվել է «Վրաստանի համար» կուսակցությունը՝ միակ ընդդիմադիր կուսակցությունը, ինչը ոչնչացնում է լեգիտիմ քաղաքական ընդդիմությունը․․․»,-նշվում է զեկույցում։