Անվտանգության ընկալումներ և պետական ​​անվտանգություն. ՀԿ-ների հետազոտությունը

Երեք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հետազոտություն են հրապարակել Վրաստանում պետական ​​անվտանգության վիճակի և անվտանգության ընկալման վերաբերյալ։ Զեկույցի վրա համատեղ աշխատել են «Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանը» (CRRC), «Սոցիալական արդարադատության կենտրոնը» (SJC) և «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»։

Անվտանգության համար ամենաբարձր ռիսկի ընկալման ուսումնասիրության արդյունքում հետազոտության հեղինակներն առանձնացրել են երկու պատասխան, որոնք, նրանց խոսքով, բարձրաձայնել է հարցված բնակչության մոտ կեսը` աղքատություն և Ռուսաստանից ռազմական ագրեսիայի հնարավորություն։

Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ բնակչության ավելի քան մեկ հինգերորդը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, հանցագործությունն ու բնական աղետները համարում է սպառնալիք։

«Ընդհանուր առմամբ, բնակչության մոտ կեսը դրական է գնահատում երկրում ձեռնարկվող անվտանգության ռիսկերը: Այս գնահատականը դրական է նույնիսկ նրանց դեպքում, ովքեր որպես հիմնական ռիսկ են համարում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը: Այնուամենայնիվ, գնահատականը թեքվում է դեպի բացասականը նրանց դեպքում, ովքեր կարծում են, որ Վրաստանի անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգն աղքատությունն է»,- նշված է հետազոտության մեջ:

Ինչպես գրում են հետազոտության հեղինակները, չնայած այն հանգամանքին, որ բնակչության զգալի մասը դրական է գնահատել երկրի անվտանգության ընդհանուր իրավիճակը, մեծամասնությունը (69 տոկոսը) համաձայն է, որ Վրաստանի անվտանգության համակարգում զգալի բացթողումներ կան, որոնք պահանջում են անհապաղ բարեփոխումներ:

Հարցման արդյունքների համաձայն՝ տղամարդիկ, պետական ​​հատվածում աշխատողները, գյուղաբնակները, իշխանամետ ալիքների հեռուստադիտողները և իշխող կուսակցության համակիրներն իրենց ավելի ապահով են զգում, քան մյուսները։

Հետազոտության հեղինակները նշել են, որ ընդդիմադիր լրատվամիջոցների հեռուստադիտողների և ընդհանրապես հեռուստատեսություն չդիտողների շրջանում անվտանգության զգացումն ավելի ցածր է իշխանամետ հեռուստատեսությունը նախընտրողներից։ Նաև` համեմատած իշխող կուսակցության կողմնակիցների հետ, ընդդիմադիր կուսակցությունների համակիրներն ու անկուսակցակցականներն իրենց նվազ ապահով են զգում:

Հետազոտությամբ պարզվել է նաև, որ Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի և Աբխազիայի տարածաշրջանի հետ բաժանարար գծին հարող գյուղերում տիրող իրավիճակի մասին բնակչության տեղեկացվածությունը ցածր է։

Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Վրաստանի կառավարության ձեռնարկած անվտանգության միջոցները բավարար չեն, և որ վարչական սահմանի բաժանարար գծի շուրջը պետք է խստացվի հսկողությունը, և ուժեղացվի ոստիկանության աշխատանքը՝ այս շրջանների բնակչության անվտանգության ապահովման համար։

Հարցման աշխատանքն իրականացվել է 2022 թվականի մայիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, և ընդհանուր առմամբ դեմ առ դեմ հարցազրույցի մեթոդով հարցվել է 2 544 չափահաս անձ։ Հետազոտության արդյունքների միջին սխալի սահմանը երկրի մակարդակով կազմում է 2,1 տոկոս: