Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հրապարակել է 17 երկրների արտաքին գործերի նախարարների և Եվրոպական Միության գերագույն ներկայացուցչի համատեղ հայտարարությունը Վրաստանում ընթացող զարգացումների վերաբերյալ։
Համատեղ հայտարարությունը ստորագրել են հետևյալ երկրները`
- Բելգիայի
- Չեխիայի
- Դանիայի
- Էստոնիայի
- Ֆինլանդիայի
- Ֆրանսիայի
- Գերմանիայի
- Իսլանդիայի
- Իռլանդիայի
- Լատվիայի
- Լիտվայի
- Նիդերլանդների
- Նորվեգիայի
- Լեհաստանի
- Իսպանիայի
- Շվեդիայի
- Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարներ
- Եվրոպական Միության բարձրագույն ներկայացուցիչ։
Նրանք մտահոգություն են հայտնել և խստորեն դատապարտել ընդդիմադիր կուսակցության առաջնորդների կալանավորումը՝ դրանք անվանելով քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ, որոնք հստակորեն ուղղված են Վրաստանում քաղաքական ընդդիմությանը ճնշելուն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ։
Համատեղ հայտարարության հեղինակները գրել են, որ վրացական իշխանությունների իրականացրած քաղաքական բռնաճնշումները հանգեցրել են երկկողմ հարաբերությունների զգալի վատթարացման, այդ թվում՝ վրացական իշխանությունների հետ համագործակցության և աջակցության սահմանափակման։
«Այսօր Վրաստանի կառավարության ավտորիտար և հակաեվրոպական կուրսն էլ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում երկրի ժողովրդավարական նվաճումների և մեր երկրների հետ հարաբերությունների համար»,-գրված է հայտարարության մեջ։