ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահն ընդունել է Վրաստանի ՊՆ հրամանատարին

Բելգիայի Թագավորությունում գտնվող Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ):

Նշվում է, որ գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին և ծովակալ Ռոբ Բաուերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան ռազմական համագործակցության հարցեր, երկկողմ առաջնահերթություններն ու ապագա հեռանկարները։

Մատիաշվիլին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահին աջակցության համար և ընդգծել համագործակցության ամրապնդման և դաշինքի հետ համատեղելիության մեծացման կարևորությունը առկա սպառնալիքների և մարտահրավերների լույսի ներքո:

«Բրյուսելում կայացած հանդիպման հիմնական թեման եղել է տարածաշրջանի անվտանգության միջավայրը, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սևծովյան տարածաշրջանում ծավալված լայնածավալ ագրեսիան։ Կողմերը համերաշխություն են հայտնել Ուկրաինայի ժողովրդի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, դատապարտել Ռուսաստանի գործողությունները։

Մատիաշվիլին ծովակալ Բաուերին ներկայացրել է Վրաստանի պաշտպանական ուժերում ընթացող վերափոխման գործընթացը, ինչպես նաև ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթի (SNGP) շրջանակներում կարևոր նախաձեռնությունները»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ Մատիաշվիլին նաև ռազմական կոմիտեի նախագահին ներկայացրել է Վրաստանի պաշտպանունակության հզորացման երկարաժամկետ զարգացման ծրագիրը, որը նախատեսում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բոլոր գործնական մեխանիզմների կիրառումը և նպատակ ունի բարձրացնել Վրաստանի պաշտպանության ուժերի հնարավորությունները։

«Նիստում վերստին նշվել է Վրաստանի մեծ ներդրումը ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային խաղաղապահ գործողություններում, և վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել ապագայում շարունակել մասնակցել ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին»:

Կարդացեք նաև՝

Ղարիբաշվիլի-Ստոլտենբերգ հանդիպումը կկայանա