Ղարիբաշվիլի-Ստոլտենբերգ հանդիպումը կկայանա

ՆԱՏՕ-ի թարմացված հայտարարության համաձայն՝ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր՝ մայիսի 18-ին, կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստոլտենբերգի ու Ղարիբաշվիլիի հանդիպումը Բրյուսելումը չեղարկվել է։ Հանդիպման չեղարկման մասին տեղեկությունը հրապարակվել է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում։

Նշենք նաև, որ տեղեկատվության տարածումից հետո Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն ասել էր, որ հանդիպման չեղարկման պատճառը Ստոլտենբերգի առողջական վիճակն է։

Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել է մեկնել մայիսի 17-ին։ Արդեն իսկ հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ով Ղարիբաշվիլիի հետ զրույցում շեշտը դրել է երկրում բարեփոխումների անհրաժեշտության և օրենքի գերակայության վրա։