«Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստանի» (TI) տվյալներով` 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին պաշտոնատար անձինք ստացել են ընդհանուր 12 միլիոն լարի արժողությամբ նվերներ։
• Պաշտոնյաները կանխիկ դրամի տեսքով ստացել են 6.6 մլն լարի։
• Նրանք նվեր են ստացել նաև 76 միավոր անշարժ գույք, 11 ավտոմեքենա և 4 զենք։
• Նվերների 61%-ը (7.5 մլն լարի) ստացել են ծնողներից։
Ամենախոշոր նվերներ ստացած բարձրաստիճան պաշտոնյաներն են (100 հազար լարիից ավելի արժեքով)՝
- Գերագույն դատարանի դատավոր Մամուկա Վասաձեն
- Սահմանադրական դատարանի անդամ Մանանա Կոբախիձեն
- Խորհրդարանի անդամներ Իլիա Ինջիան և Գուրամ Մաճարաշվիլին։
Իրավական կարգավորումները և TI-ի մտահոգությունները
Ապօրինի հարստացումը կանխելու համար պաշտոնատար անձինք պարտավոր են գույքային հայտարարագրում ներառել 500 լարին գերազանցող ցանկացած նվեր, որը ստացել են իրենք կամ իրենց ընտանիքների անդամները։
Նրանց արգելվում է ստանալ նվեր, որը կարող է ազդել իրենց պաշտոնական պարտականությունների կատարման վրա կամ որի արժեքը գերազանցում է նրանց տարեկան աշխատավարձի 5%-ը։
Սահմանափակումները չեն տարածվում ընտանիքի անդամներից կամ մերձավոր հարազատներից ստացած նվերների վրա:
TI-ն նշել է, որ թեև այս բացառությունը տրամաբանական է, այնուամենայնիվ, պատշաճ վերահսկողության բացակայության դեպքում դա կարող է «օրենքի թերության» վերածվել, որն անբարեխիղճ պաշտոնյաները կօգտագործեն ապօրինի եկամուտների «լվացման» համար՝ հայտարարագրելով որպես ընտանիքի անդամից կամ մոտ հարազատից ստացած նվեր։
«Այդ իսկ պատճառով կարևոր է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ պետական ծառայողը հայտարարագրում է խոշոր նվեր (մեծ գումար կամ բարձրարժեք իրեր, ծառայություններ), Հակակոռուպցիոն բյուրոն ուսումնասիրի, թե արդյոք տեղի չի՞ ունեցել ապօրինի եկամուտների օրինականացման փորձ», – նշել է կազմակերպությունը։
Լրացուցիչ մանրամասներ
• 2025 թվականի հունվար-օգոստոսին պաշտոնատար անձի գույքային հայտարարագիր է լրացրել մոտ 5000 պետական ծառայող։
• Նվեր ստացող 198 պաշտոնյաներից 30-ը նվեր է ստացել նաև 2024 թվականին (ընդհանուր 3.7 մլն լարի 2023-2024 թթ. ընթացքում)։
• Նվիրատվության դեպքերում հաճախ գումարը տրվում է դոլարով կամ եվրոյով։ 2024 թվականին ստացած 12 մլն լարիի նվերներից 4.6 մլն լարին եղել է դոլարով, իսկ 200 հազարը՝ եվրոյով։
• Ծնողներից բացի, 1.8 մլն լարիի նվերներ ստացել են երեխաներից, 1 մլն լարի՝ քույր/եղբայրներից, իսկ 621 հազար լարի՝ հարազատներից։
Բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք 2024 թվականին ստացել են խոշոր նվերներ.
• Գերագույն դատարանի դատավոր Մամուկա Վասաձե – 150 հազար դոլար ծնողից,
• Սահմանադրական դատարանի անդամ Մանանա Կոբախիձե – 44 հազար 500 դոլար որդուց,
• Խորհրդարանի անդամ Իլիա Ինջիա – 61 հազար 500 դոլար ծնողից,
• Խորհրդարանի անդամ Գուրամ Մաճարաշվիլիի կինը – 43 հազար դոլար որդուց։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստանի» (TI) ուսումնասիրության համաձայն, 2024 թվականի գույքային հայտարարագրերով ամենաբարձր արժեքով նվերներ ստացած 10 պաշտոնյաներն են.
1. Գիորգի Կուճուխիձե
2. Թամար Բիծաձե
3. Մամուկա Վասաձե
4. Լանա Թևզաձե
5. Նինո Բաղաշվիլի
6. Իոսեբ Ճելիձե
7. Լևան Ծիտաիշվիլի
8. Նիկա Ունդիլաշվիլի
9.Դավիթ Օնոփրիշվիլի
10. Կախաբեր Էսեբուա