2025-ին լրագրողների նկատմամբ բռնության և սպառնալիքի առնվազն 180 դեպք է գրանցվել. TI

Transparency International Georgia ՀԿ-ի տվյալներով՝ 2025 թվականի 9 ամիսների ընթացքում (հունվար-սեպտեմբեր) անկախ ​​լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ գրանցվել է տարբեր տեսակի բռնության, սպառնալիքների, ոտնձգությունների, հետապնդումների և լրագրողական գործունեությանը միջամտության ավելի քան 180 դեպք։

Դրանց կեսից ավելին՝ վերջին 5 ամիսների ընթացքում։

Հայտարարության համաձայն՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնության և նրանց մասնագիտական ​​գործունեությանը միջամտելու մտահոգիչ միտման հետ մեկտեղ, «Վրացական երազանք»-ը վտանգավոր պրակտիկա է ձեռնարկել դատական ​​համակարգը և իրավապահ մարմինները լրագրողների դեմ օգտագործելու իր կուսակցական շահերին համապատասխան։

«Սա առավել ցայտուն և տեսանելիորեն դրսևորվում է լրագրողների հաճախակի անօրինական կալանավորումների և տուգանքների, դատական ​​կատարածուների անպատշաճ վերաբերմունքի և լրագրողների դեմ կատարված հանցագործությունների հետաքննության անկարողության դեպքերով։

2025 թվականին նկատվել է դատական ​​նիստերը նկարահանելիս լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ մի շարք խոչընդոտներ ստեղծելու և լրագրողներին դատարաններից հեռացնելու միտում, որն ի վերջո հանգեցրել է նիստերի տեսա- և լուսանկարչական նկարահանումների լիակատար արգելքի։ Սա զգալիորեն խոչընդոտել և բարդացրել է դատարաններում լրագրողական գործունեության իրականացումը և արդեն իսկ փակ համակարգն էլ ավելի փակ է դարձրել հանրության համար»,- գրված է հայտարարության մեջ։

TI-ի խոսքով՝ ընթացիկ տարին մտահոգիչ է նաև անկախ, քննադատական ​​լրատվամիջոցների նկատմամբ մի շարք սահմանափակող օրենքների ընդունման առումով, և դա լրատվամիջոցների աշխատանքն էլ ավելի է դժվարացրել, իսկ որոշ դեպքերում՝ դարձրել նույնիսկ անհնար։

ՀԿ-ն նշել է նաև այն դեպքերը, երբ վերոնշյալ սահմանափակումների պատճառով դադարեցվել են կազմակերպությունների գործունեությունը, նաև հիշատակել է օտարերկրա լրագրողներին երկիր մուտքը արգելելու մասին։

«Վրաստանում ընթացող բողոքի ցույցերը լուսաբանող օտարերկրյա լրագրողների մուտքը երկիր մերժելու վնասակար պրակտիկան շարունակվել է նաև 2025 թվականին: Սեպտեմբերի 29-ին իտալացի լրագրող Ջակոմո Ֆերարային մերժվել է մուտքը Վրաստան: Օգոստոսի 3-ին հայտնի է դարձել, որ ֆրանսիացի լուսանկարիչ Հիշամ Էլ Բուհմիդին նույնպես մերժվել է մուտքը Վրաստան: Հունիսին ֆրանսիացի լրագրող Մարիլիզ Վինյոյին նույնպես մերժվել է մուտքը երկիր։ Հատկանշական է, որ նման ցանկը շատ ավելի երկար է և մինչ օրս շարունակվում է»,- նշել է կազմակերպությունը։