Երեկվա օրը համառոտ. փետրվարի 27

Մառնեուլիի քաղաքապետարանը հերթական անգամ 2023 թվականի փետրվարի 24-ին մրցույթ է հայտարարել Ծերաքվի և Սիոնի գյուղերում ներքին երկաթբետոնե ճանապարհների կառուցման համար։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկության համաձայն՝ ձմեռային բարդ կլիմայական պայմանները և ինտենսիվ մաքրման աշխատանքները վնասել են Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի Ռիկոթիի լեռնանցքի ճանապարհի ծածկը:

Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանի արևմուտքում՝ Օզուրգեթիի մունիցիպալիտետի Լաիթուրի քաղաքատիպ ավանում այս տարի կսկսի գործել եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր բանտ։

Լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչների, որոնց անցաթուղթ է տրվել, թույլ չեն տալիս մտնել Վրաստանի խորհրդարանի շենք։

Վրաստանի Իմերեթիի մարզի Քութայիսի քաղաքում՝ Ինտերվենցիոն բժշկության կենտրոնի հարակից տարածքում, պայթել է նույն հիմնարկին պատկանող կաթսայատունը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին օրենքի նախագծի ընդունումը, որին աջակցում է խորհրդարանական մեծամասնությունը, չի ազդի երկրին տրվելիք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի գործընթացի վրա։

Աբխազական կողմը հրապարակել է Էնգուրիի «անցակետում» ապօրինի սահմանահատման դեպքերի 2022 թվականի վիճակագրությունը։ Աբխազիայի դե ֆակտո անվտանգության և Ռուսաստանի դաշնային ծառայությունների տվյալներով՝ 2022 թվականին «աբխազական օրենսդրությամբ» ավելի քան 1 200 օրինախախտ է ձերբակալվել, ինչը, ըստ «պաշտոնական տվյալների»՝ մոտ չորս անգամ պակաս է նախորդ տարվա համեմատ։

Վրաստանի ազգային գրադարանի տնօրեն, գրող Գիորգի Կեկելիձեն Իտալիա կատարած այցի ընթացքում պայմանագիր է ստորագրել, ըստ որի` գիրք է գրելու վրացի հայտնի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի մասին՝ «Խվիչա՝ աստղ կոչվող աստղ» վերնագրով։

Վրաստանի խորհրդարանի բյուջետային գրասենյակը հրապարակել է տնտեսական աճի եռամսյակային կանխատեսումը։ Գրասենյակի գնահատմամբ՝ 2023 թվականի 1-ին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական աճի տեմպը կլինի դրական և կկազմի 7,2 տոկոս։

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո արդարադատության նախարարությունը տեղական հասարակական կազմակերպություններից (ՀԿ) պահանջում է 2022 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ իրենք անպայման ընդունելու են «Ժողովրդի ուժը» շարժման մշակած երկու օրենքներից մեկը («Օտարերկրյա թափանցիկության մասին»)։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին փետրվարի 27-28-ը Ժնևում մասնակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին։