Կոբախիձեն պնդում է՝ խնդրահարույց օրինագիծը չի ազդի ԵՄ կարգավիճակի վրա

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին օրենքի նախագծի ընդունումը, որին աջակցում է խորհրդարանական մեծամասնությունը, չի ազդի երկրին տրվելիք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի գործընթացի վրա։

«Այս օրենքի նախագիծը որևէ առնչություն չունի թեկնածուի կարգավիճակի հետ, միայն սահմանված է թափանցիկության չափանիշ։ Բնականաբար, օրենքի նախագիծը որևէ ազդեցություն չի ունենա»,- ասել է Կոբախիձեն։

Կոբախիձեն հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ նույնիսկ ԵՄ արտաքին գործերի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ փաստաթուղթը հակասում է 12 կետից բաղկացած առաջարկություններին, որոնք պետք է կատարի Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ստանալու համար:

Խորհրդարանական մեծամասնության շարքերը լքած և «Ժողովրդի ուժը» շարժումը հիմնադրածների նախաձեռնած օրինագիծը նման է Ռուսաստանում գործող օրենքին, որի նպատակն է էականորեն սահմանափակել ու վարկաբեկել անկախ լրատվամիջոցներին ու քաղաքացիական սեկտորին։

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրացական տարբերակը նման է ռուսականին. Միքելաձե